
Արցախի ԱԳՆ-ում ներկայացվել են արտերկրում մշտական ներկայացուցչությունների կողմից իրականացված աշխատանքները

Մարտի 31-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերատեսչության 2016 թ. գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԳՆ ղեկավար կազմի և կենտրոնական ապարատի աշխատակիցների մասնակցությամբ։
Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Խորհրդակցության ընթացքում ԱԳՆ գլխավոր քարտուղար – աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների կողմից իրականացված աշխատանքները։
Խորհրդակցության ավարտին քննարկվել է հանրապետության նախագահի կողմից արտաքին գործերի նախարարության առջև դրված խնդիրների լուծման ընթացքը: Անդրադարձ է կատարվել նաև գերատեսչության գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող մի շարք հարցերի։ Արցախի ԱԳՆ ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել գերատեսչության ստորաբաժանումների պատասխանատուներին։