
Հայաստանն առաջատար ուղղություն է դարձել ռուս զբոսաշրջիկների համար մայիսյան տոներին. ՌԴ Տուրօպերատորների ասոցիացիա

Ռուս զբոսաշրջիկների շրջանում մայիսյան տոներն անցկացնելու հարցում առաջատար երկրներն են Հայաստանն ու Վրաստանը: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի Տուրօպերատորների ասոցիացիայի պաշտոնական կայքը: Շուկայի մասնակիցների կարծիքով, այդ ուղղություններով պահանջարկն այս տարի ավելի բարձր է, քան 2016-ին: Ըստ նրանց, դրան նպաստել է ռուբլու փոխարժեքի կայունացումն ու երկարատև ուղևորությունների մեկնելու հնարավորությունը:
Տուօպերատորների գնահատմամբ, այս տարի զգալիորեն ավելացել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը. դրան նպաստել է փետրվարի 17-ից ուժի մեջ մտած որոշումը, որով ՌԴ քաղաքացիները կկարողանան ՀՀ այցելել ներքին անձնագրերով:
«Այս տարի մայիսյան տոների ժամանակաշրջանում ավելի պահանջված ուղղություն է Հայաստանը, հիմնականում դրանք արդեն կազմավորված խմբեր են»,- ասել է ԱԼԵԱՆ ազգային տուրօպերատորի արտադրանքի գծով տնօրեն Դմիտրի Պոպովը՝ ավելացնելով, որ Հայաստանում և Վրաստանում ամենատարածվածը մնում է էքսկուրսիոն հանգիստը: «Նախորդ տարի մեծ հետաքրքրություն էր առաջացնում Վրաստանը, այս տարի Վրաստանի և Հայաստանի նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրությունը հավասար է: Սակայն, կապված դեպի Հայաստան զբոսաշրջիկների համար հաճելի նորության հետ, մենք սպասում ենք դեպի Հայաստան տուրփաթեթների ավելի մեծածավալ վաճառք», ասել է «Մուլտիտուր» ընկերության տնօրեն Դմիտրի Շարովը