Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի ընթացքում ստացել է շուրջ 9000 նամակ. Ինչ ճակատագիր է սպասվում դրանց
Այս քարոզարշավի ընթացքում բոլոր մարզերում և անգամ Երևանում Մարզահամերգային համալիրում ամփոփիչ հանդիպման ժամանակ քաղաքացիները «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանին «հեղեղում» էին նամակներով։ 168.am-ը Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվեց, թե ինչքա՞ն նամակներ են ստացել, և ի՞նչ է լինելու դրանց ճակատագիրը։
«Այս ընթացքում 12 մարզային հանդիպում է եղել, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ մոտավորապես 600-900 նամակներ են ստացվել։ Դրանք այժմ գույքագրում ենք, հաշվետվություն ենք պատրաստում՝ հետագայում անպայման անդրադառնալու նախապայմանով»,- ասաց Ի.Տոնոյանը։
Դիտարկմանը, որ թեև նամակներն անձնապես Գ.Ծառուկյանին են ուղվել, բայց արդյոք նա կկարդա՞ դրանք, Ի.Տոնոյանը պատասխանեց. «Կարդում ենք մենք, կարդում է բազմաթիվ նամակներ նաև պարոն Ծառուկյանը, որոնք իրեն անձամբ են փոխանցվում, բայց նամակների համառոտ նկարագիրը նրան ներկայացվում է պարբերաբար, այսինքն՝ կոնտակտային տվյալներ և նամակի հակիրճ բովանդակություն»։
Թե հիմնականում ի՞նչ բնույթի են նամակները, Ի.Տոնոյանը նշեց, որ դրանք տարբեր են՝ հանդիպման խնդրանքներից սկսած, տարբեր աջակցություններ, ծրագրերի առաջարկներ, պարզապես օրհնանք, այսինքն՝ բովանդակային առումով բազմազան են։ Նրա խոսքով՝ բոլոր նամակներին արձագանք կլինի, բայց արդեն ապրիլի 2-ից հետո։