«Մենք ներկայացրել ենք թեկնածուներ, որոնք դուրս են եկել ժողովրդի ծոցից». Արթուր Բաղդասարյանը՝ լրագրողներին

«Հայաստանում չկա քաղաքական կազմակերպություն, որ փորձի պնդել, թե իր ուղերձը չի կարողացել հասցնել հայ ժողովրդին։ Եվ այս 9 կուսակցություններն ու դաշինքները շատ լավ հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց մոտեցումներն ու ծրագրերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով քարոզարշավը՝ այս մասին ասաց «Հայկական Վերածնունդ» (նախկին «Օրինաց Երկիր») կուսակցության նախագահ, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը։

Ինչ վերաբերում է ՀՎԿ-ին, ապա, ըստ նրա՝ իրենց կուսակցության առավելությունն այն է, որ այնտեղ օլիգարխներ չկան. «Մենք ներկայացրել ենք պատգամավորության թեկնածուներ, որոնք դուրս են եկել ժողովրդի ծոցից՝ այն իմաստով, որ միջին խավի ներկայացուցիչներ են»։

Անդրադառնալով Հայաստանում կատարվող, իր բնորոշմամբ՝ կեղծ սոցիոլոգիական հարցումներին, Բաղդասարյանն ասաց, որ դեռևս չեն եղել ընտրություններ, որ նման «պատվիրված հարցումներով» չողողեն քաղաքական դաշտը.

«Այսօր առավոտյան ընկերներիս հետ հիշում էինք նախագահական ընտրությունները, երբ ինձ տալիս էին 3%, իսկ թե ինչքան հավաքեցի՝ բոլորը գիտեն։ Ամբողջ հանրապետությունում ունենք 450 ավագանու անդամներ, բազմաթիվ ընտրված համայնքի ղեկավարներ, և, եթե վերցնենք, որ գյուղում ավագանի ընտրվելու համար նվազագույնն անհրաժեշտ է 100-200 քվե, ապա կարող եք բազմապատկել և տեսնել, թե ինչ թվերի մասին է խոսքը։ Ավելին, ՏԻՄ ընտրություններից հետո ձեռքներս ծալած չենք նստել, այսինքն՝ էլ ավելի ենք բազմապատկել մեր ջանքերը»։

Կարդացեք նաև

Հետևաբար, ըստ նրա՝ այդ սոցհարցումները պատվիրված ծառայություններ են, որոնցից իրենք չեն օգտվել. «Ես համոզված եմ, որ «Հայկական Վերածնունդը» լինելու է խորհրդարան մտնող քաղաքական ուժերի առաջին եռյակում։ Ես 20-ամյա փորձառություն ունեցող քաղաքական գործիչ եմ, և, եթե ինձ թույլ եմ տալիս նման եզրահանգում անել, ինձ թվում է՝ մի քանի օր հետո դրանում բոլորս կհամոզվենք»։

Այնուհետև նա նշեց, որ ետընտրական հնարավոր զարգացումներից կխոսենք ընտրություններից հետո, և հավելեց, որ լրագրողների որոշ հարցերին չի պատասխանելու. «Ես պատասխանելու եմ միայն քարոզարշավին առնչվող հարցերին, այլ հարցերին չեմ պատասխանելու»։

Լրագրողի՝ հնարավոր կոալիցիա կազմելու և ՀՎԿ-ի անվան հետ կապվող ընտրակաշառքի վերաբերյալ հարցերին, մասնավորապես՝ սուրճի բաժակի տեսքով տրվող, նա պատասխանեց. «Ես դա համարում եմ պարզագույն սրիկայություն և սև քարոզչություն։ Այդ մուրաբաների մասին 2003 թվականի հրապարակումից 15 տարի է անցել, և դա էժանագին զրպարտանք է, երկրորդ՝ ետընտրական ցանկացած զարգացման մասին մենք կխոսենք ընտրությունների արդյունքներից հետո։ Մենք հստակ մեր քաղաքական դիրքորոշումը ներկայացրել ենք, որ ՀՎԿ-ն որևէ կոալիցիայում կլինի միայն որոշումների վրա իրական ազդեցության դեպքում»։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի և իր անվան հետ կապված օֆշորային հրապարակման վերաբերյալ նա նշեց, որ ԼՂՀ հիմնախնդրի հետ կապված իրենց տեսակետը հստակ է. «Մեզ համար փոխընդունելի փոխզիջումն ավելի կարևոր է, քան անխոհեմ առճակատումը։ Մեր հաղթանակը նշանակում է, որ օֆշորային կազմակերպությունները, որոնք հատկապես հարձակվել են հանքարդյունաբերության վրա, պետք է դեօֆշորիզացվեն։ Եվ Հայաստանի դրական զարգացումը վերջին տարիներին այն է, որ լրատվադաշտից պակասում է չարությունը»։

Ապա նա դուրս եկավ սրահից՝ նշելով, որ քարոզարշավի վերաբերյալ բոլոր հարցերին պատասխանել է, և այլևս որևէ հարցի չի պատասխանելու. «Ես ձեր հարցերին կպատասխանեմ ընտրություններից հետո։ Խաղաղություն ձեր օջախներին, ցտեսություն»։

Տեսանյութեր

Լրահոս