Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս երեք պատգամավոր բանտում հացադուլ կսկսեն
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ևս երեք պատգամավոր հայտարարել են բանտում հացադուլ սկսելու մտադրության մասին:
Ինչպես հաղորդում էթուրքական Demokrathaber.net-ը, կուսակցության Սիլիվրիի բանտում կալանավորված պատգամավորներ Մերալ Դանըշ Բեշթաշը, Այհան Բիլգենը և Նիհաթ Աքդողանը հայտարարել են ապրիլի 1-ից հինգ օրով հացադուլ անելու մասին:
Ավելի վաղ Էդիրնեի բանտում հացադուլ սկսելու մասին հայտնել էին Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, պատգամավոր Աբդուլլահ Զեյդանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչ, քրդական Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) համանախագահ Սեբահաթ Թունջելը:
Կալանավայրից ուղարկած նամակում Դեմիրթաշը հայտարարել է, որ այդպիսով իրենք ցանկանում են ուշադրություն հրավիրել բանտում տիրող վիճակի վրա: Նա, մասնավորապես, հայտնել է, որ բանտի տնօրինությունը փակ է երկխոսությունների համար, անօրինական գործունեություն է իրականացնում, անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում մյուս դատապարտյալների նկատմամբ ու ոչ մի քայլ չի ձեռնարկում
բանտարկյալների հայտարարած հացադուլը դադարեցնելու ուղղությամբ:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 11 պատգամավոր ձերբակալվել, ապա կալանավորվել են:
Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով: