Ֆրանսիայում նախագահական մրցարշավի առաջատարներն ամրապնդում են դիրքերը. OpinionWay
Ֆրանսիայի նախագահական ընտրություններում երեք հանգուցային թեկնածուների դիրքերը կայունություն են դրսեւորում եւ վերջին մեկ օրում փոփոխություններ չեն կրել: Այդ մասին,վկայում են OpinionWay ընկերության հարցման տվյալները, որոնք հրապարակվել են մարտի 30-ին:
Ինչպես եւ նախօրյակին, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը եւ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը առաջին փուլում ընթանում են ուսուսի. նրանցից յուրաքանչյուրի օգտին պատրաստ են իրենց ձայնը տալ ընտրողների 25-ական տոկոսը:
Նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, որը նույնպես հավակնում է պետության ղեկավարի պաշտոնին, ներկայում ապահովել է ընտրողների 20 տոկոսի աջակցությունը:
Երկրորդ փուլում կանխատեսվում է, որ լե Պենը տանուլ կտա երկու առավել հնարավոր թեկնածուներից յուրաքանչյուրին: Մակրոնին նա կպարտվի ձայների 36 տոկոս արդյունքով՝ նախկին նախարարի 64 տոկոսի դիմաց: Այն դեպքում, եթե նրա մրցակիցը դառնա Ֆիյոնը, ուժերի դասավորությունը կլինի 40 տոկոս՝ նախկին վարչապետի 60 տոկոսի դիմաց:
Ֆիյոնի դիրքերը չի թուլացրել նույնիսկ այն փաստը, որ անցած հանգստյան օրերին նրա կնոջը՝ Պենելոպային պաշտոնական մեղադրանք են առաջադրել կեղծարարությամբ աշխատանքի տեղավորման գործով:
Հարցումն անցկացվել է մարտի 27-ից մինչեւ 29-ն ընկած ժամանակահատվածում: Դրան մասնակցել են Ֆրանսիայի 1636 չափահաս քաղաքացիներ, որոնք ընդգրկված են ընտրացուցակներում: Անճշտությունը կազմում է 1-ից մինչեւ 2,5 տոկոսային կետ:
Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։