«Մեր ճիգը, ջանքը եղել է, որ ժողովուրդն ունենա իր իշխանությունն ընտրելու իր այդ հնարավորությունը». Կիրո Մանոյան
«Կարևոր է, որ դուք գիտակցեք՝ ապրիլի 2-ին հնարավորություն ունեք մաս կազմելու արդար Հայաստան կերտելու այդ նոր սկզբին»,- երեկ այս մասին Ավանում նախընտրական հանդիպման ընթացքում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նա նշեց՝ այլևս ընտրելու ենք Ազգային ժողով, որը ձևավորելու է գործադիր իշխանությունը, ընտրելու է սահմանափակ լիազորություններ ունեցող հանրապետության նախագահին։
«Միակ համապետական մարմինը, որ ընտրելու ենք, միակ իշխանությունը, որ ժողովուրդն ընտրելու է, Ազգային ժողովն է։ Անհրաժեշտ է՝ այդ գիտակցությամբ մոտենաք այս ընտրություններին։ Կարող է լսած լինեք, թե ինչ ազդեցություն ունի իմ քվեն, գնամ, չգնամ՝ միևնույն է՝ արդեն որոշված է։ Եթե որոշված լիներ, կաշառքի մասին այսքան խոսակցություն չէր գնա, կաշառքի մասին այսքան առաջարկներով հանդես չէին գա»,- ասաց Կիրո Մանոյանը՝ նշելով, որ գումար վերցնելիս մարդ պետք է հասկանա՝ այդ գումարն իրենից, իր շրջապատից, ժողովրդից են վերցնելու առաջիկա 5 տարիներին։
«Այդ կաշառքը մարդիկ որպես նվեր չեն բաժանում։ Մի տեղից բերել են, երկնքից չի իջել, իսկ այդ մի տեղն էլ ժողովուրդն է։ Մենք մեր վերջին քարոզչական հոլովակներից մեկում ասում ենք՝ այն քվեն, որ ազատ քաղաքացին ազատ կամքով տալիս է ցանկացած կուսակցության, Դաշնակցության համար քվե է, որովհետև դա նշանակում է, որ իսկապես ժողովրդի կամքի դրսևորումն է, իսկ մեր ճիգը, ջանքը եղել է, որ ժողովուրդն ունենա իր իշխանությունն ընտրելու իր այդ հնարավորությունը։
Բնականաբար, մենք կդիմենք, որ դուք ձեր վստահության քվեները մեզ տաք՝ Հայ Հեղափոխական դաշնակցությանը»,- ասաց Կիրո Մանոյանը՝ նշելով, որ ներկայացած ուժերից միակն են, որ կարող են հանգիստ խոսել բոլորի հետ, եթե նույնիսկ քարոզարշավի ընթացքում քննադատել են միմյանց. ճիշտ է՝ փորձել են շատ անուններ չտալ, կոռեկտ լինել, նոր բևեռացում չստեղծել. «Խորհրդարանական ընտրությունների առավելություններից մեկն այն է, որ այդ լարվածությունը, բևեռացումը, որ կունենայինք նախագահական ընտրությունների ժամանակ, խորհրդարանականը չի պահանջում»: Նա նաև նշեց, որ շատ անբնական, արտառոց և ոչ թափանցիկ կթվա, եթե որևէ ուժ ստանա 50+1 քվե։