Բաժիններ՝

ՀՅԴ թեկնածուն գոհացնող չի համարում կրթական համակարգը

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն»  կուսակցության պատգամավորության թեկնածու, «Հայբուսակ» համալսարանի համահիմնադիր Անահիտ Հարությունյանը Հայաստանի կրթական համակարգը երիտասարդների մասնագիտական պահանջների բավարարող չի համարում: Նրա կարծիքով՝ երիտասարդներից շատերը հեռանում են երկրից՝ գնալով իրենց կարիերայի հետևից: «Այն գիտելիքը, որ այսօր ստանում են երիտասարդները Հայաստանում, չի համապատասխանում ժամանակակից պահանջներին, և նրանք ապագայում աշխատատեղ չեն տեսնում իրենց համար»,- այսօրվա ասուլիսում ասաց  պատգամավորության թեկնածուն:

Հարությունյանն անդրադարձավ Բոլոնիայի գործընթացին և կարևորեց նրա ուսանողամետ մոտեցումները: Դա օգտակար է ոչ միայն կրթվող մարդկանց, այլև հենց կրթողների համար: Պետությունը պետք է տեր կանգնի այս գործընթացին և հետևողական լինի, օրինակ խրախուսի տղամարդկանց, որպեսզ ի նրանք ևս զբաղվեն ուսուցչությամբ:

«Տղամարդիկ ձգտում չունեն դպրոցներում աշխատելու: Մանկավարժների  80-90 տոկոսը կանայք են: Սա շատ սխալ երևույթ եմ համարում բոլոր երկրների համար, որովհետև այստեղ պետք է ինչ-որ հավասարություն լինի: Կարծում եմ՝ դպրոցում համապատասխան աշխատավարձ չստանալու պատճառով տղամարդը գերադասում է գնալ այլ՝ ավելի բարձր վարձատրվող աշխատանքի»,- մեկնաբանեց Անահիտ Հարությունյանը:

Նա վստահ է՝ պետք է լինի պետական մոտեցում, ազգային գաղափար և ծրագիր, որը կբարձրացնի ազգային ինքնագիտակցությունը և տղամարդիկ կգնան ու սուցչական աշխատանքի:

Խոսելով դպրոցներում տնօրենների կողմից ձայների հավաքագրման մասին, Անահիտ Հարությունյանը երևույթին հանցագործություն անվանելը մեղմ համարեց և հավելեց, որ մեղավոր են նրանք, ովքեր տարիներ շարունակ այդ գործընթացը տեսնում են, բայց հետո նույն տնօրենը շարունակում է աշխատել:

«Եթե գոնե մեկին որպես օրինակ արդեն աշխատանքից ազատած լինեին, կարծում եմ՝ այսօր մենք շատ լավ իրավիճակում կլինեինք: Եթե նա ստանձնել է տնօրենի գործը, ուրեմն գիտակցության մեջ պետք է արդեն տեղավորված լինի հետևյալը ՝ որ ինքը կազմակերպում է աշակերտների կրթությունը և դա անում է միայն ազնիվ ճանապարհով, ուրիշ քաղաքական բնույթ չի կարող ունենալ»,- եզրափակեց ՀՅԴ թեկնածու Անահիտ Հարությունյանը:

Հայաստանը Բոլոնիայի գործընթացին միացել է Բերգենում՝ 2005 թվականին: Բոլոնիայի գործընթացը տասը հիմնարար դրույթների ամբողջություն է, որոնք հնարավորություն են տալիս ուսանողին կրթական գործընթացը հարմարեցնել իր նախասիրություններին և ժամանակին, մասնակցել իր կրթական գործընթացի կազմակերպմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս