 
                        Ճշգրտվում են ջրի վարձի վճարումների հետ կապված անճշտությունները
 
                                    Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է, որ հունվար-փետրվար ամիսներին մատուցված ծառայությունների դիմաց որոշ բաժանորդների կատարած վճարումների հաշվարկի հետ, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, առաջացել են անճշտություններ: Դրանք ուղղելու նպատակով ներկայումս ձեռնարկվում են միջոցներ, որոնց արդյունքներով արդեն առաջիկայում ընկերության տվյալների բազայում կկատարվեն համապատասխան ճշգրտումներ: Այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ Վեոլիա Ջուր ՓԲԸ չի հանդիսանում նախկին Երեւան Ջուր, Հայջրմուղկոյուղի, Շիրակջրմուղկոյուղի, Լոռիջրմուղկոյուղի ու Նոր Ակունք ընկերությունների իրավահաջորդը, հետեւաբար չունի այնտեղ բաժանորդների ունեցած կանխավճարները սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունք:
Դրանք Վեոլիա Ջուր ընկերությանը կարելի է փոխանցել նախկին ջրամատակարար ընկերությունների սպասարկման գրասենյակներ կամ տվյալ տեղամասը սպասարկող տեսուչին ներկայացրած դիմումի հիման վրա (դիմումի ձեւը կտրամադրի տեսուչը): Դրանց ստուգման արդյունքում ճշգրտված գումարները կուղղվեն մեր ընկերությանը՝ բաժանորդների ունեցած ընթացիկ պարտավորությունների մարմանը:
Վեոլիա Ջուր ընկերությունը հավաստիացնում է իր բաժանորդներին, որ ամեն ինչ արվում է առկա խնդիրներին հնարավորինս արագ ու օրենսդրության շրջանակներում լավագույն լուծում տալու համար, եւ հորդորում է շարունակել ընթացիկ վճարումները մատուցված ծառայությունների դիմաց:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        