«Brexit-ի գործարկումը պատմական պահ է, որը հետդարձի ճանապարհ չունի». Թերեզա Մեյ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիության իշխանություններին ծանուցել է ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու ընթացակարգի պաշտոնական գործարկման մասին: Համապատասխան հայտարարությունը նա արել է մարտի 29-ին՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում:
«Մի քանի րոպե առաջ Բրյուսելում ԵՄ-ին առընթեր Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչն իմ անունից Եվրախորհրդի ղեկավարին հանձնեց նամակը՝ հաստատելով ԵՄ-ի մասին պայմանագրի 50-րդ հոդվածը կիրարկելու կառավարության որոշումը»,-ասել է նա:
«50-րդհոդվածով նախատեսված ընթացակարգը գործարկված է»,-հավելել է նա:
Մեյը պատմական պահ է համարել Brexit-ի գործարկումը, որը հետդարձի ճանապարհ չունի: «Սա պատմական պահ է, որը հետդարձի ճանապարհ չունի: Մեծ Բրիտանիան լքում է Եվրամիությունը: Մենք պատրաստվում ենք ընդունել սեփական որոշումներ ու սեփական օրենքներ»,-ասել է նա:
Բրիտանիայի վարչապետը նաեւ նշել է, որ Լոնդոնը հավատարիմ կմնա ՆԱՏՕ-ի առջեւ ստանձնած պարտավորություններին: «Հավաքական պաշտպանության եւ անվտանգության հանդեպ մեր պարտավորությունները նույնքան ամուր են, ինչպես միշտ»,-ընդգծել է նա՝ խոստանալով «այս տասնամյակի ընթացքում պաշտպանության համար ծախսել բրիտանական ՀՆԱ-ի 2 տոկոսը»:
Այդ կապակցությամբ Մեյը նշել է, որ Լոնդոնը պլանավորում է «179 մլրդ ֆունտ ստեռլինգ ծախսել մինչեւ 2025 թվականը Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի վերազինման պլանի իրագործման համար»:
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարվել է քննարկել Շոտլանդիայի անկախության շուրջ երկրորդ հանրաքվեի անցկացման հարցը: Այդ մասին նա հայտարարել է բրիտանական խորհրդարանում՝ պատասխանելով Վեսթմինսթերում Շոտլանդիայի ազգային կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Անգուս Ռոբերտսոնի հարցին:
Մեյն ասել է, որ հենց «Միացյալ Թագավորության կառավարությունն է երկիրը ներկայացնելու» Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության դադարեցման պայմանների շուրջ Բրյուսելում անցկացվելիք բանակցություններում:
«Մենք ԵՄ-ի հետ բանակցությունների ընթացքում ուշադրության ենք առնելու բոլոր տեսակետները: Եվ ես կցանկանայի այդ հարգելի ջենտլմենին (Ռոբերտսոնին) հիշեցնել, որ Շոտլանդիան Միացյալ Թագավորության բաղկացուցիչ մասն է: Այժմ անկախության երկրորդ հանրաքվեն քննարկելու ժամանակը չէ»,-հայտարարելէ Մեյը:
Նախօրյակին Շոտլանդիայի խորհրդարանի պատգամավորները պաշտպանել են տարածաշրջանի անկախության շուրջ երկրորդ հանրաքվեն անցկացնելու շոտլանդական կառավարության նախաձեռնությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: