Բաժիններ՝

Բանավեճը հոգևորականների գործը չէ. Բեքչյանը պատասխանել է Աթեշյանի հայտարարությանը

Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ, Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը պատասխանել է օրեր առաջ պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրապարակած հայտարարությանը: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Պատասխան հայտարարությունում Բեքչյանը հիշեցրել է, թե ինչպես 2016 թվականի հոկտեմբերի 26­-ին եկեղեցական համագումարի ժողովի ժամանակ պատրիարքական գահը հայտարարվեց «թափուր», ինչը նոր պատրիարքական ընտրությունների անցկացման հրամայական էր:

Արդեն 2017 թվականի փետրվարին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպման ժամանակ որոշում կայացվեց տեղապահի ընտրություններ անցկացնելու մասին, ինչից հետո Աթեշյանը պետք է լքեր փոխանորդի իր պաշտոնը, իսկ վեց ամսվա մեջ պետք է կայանային պատրիարքի ընտրությունները:

Համաձայն կայացված որոշման` մարտի 15-­ին անցկացվեցին տեղապահի ընտրություններ, որին որպես թեկնածու մասնակցեց նաև Աթեշյանը: Բեքչյանն ընդգծել է, որ չնայած կայացված պայմանավորվածությանը` Աթեշյանն ընտրությունից հետո
հրաժարական չտվեց ու չլքեց փոխանորդի պաշտոնը:

Տեղապահ ընտրված Բեքչյանի հայտարարության շարունակության մեջ ասվում է. «Իմ արքեպիսկոպոս եղբայր Արամ Աթեշյանն իր անհաջող հայտարարության մեջ խոսում էր հավասարակշռությունից: Դա ի՞նչ հավասարակշռություն է: Ո՞ւմ միջև: Ինչի՞ համար ու ո՞ր նպատակով է ստեղծվել: Ինչպե՞ս է աշխատում: Ի՞նչն է այդ հավասարակշռությունն այդքան կենսական դարձնում: Արդյոք այդ հավասարակշռությունն ու դրա պահպանումը մեր համայնքի համար այնքան կարևոր է, որ չնայած այսքան պահանջներին, եկեղեցական կարգին ու կրոնական ավանդույթներին` նա ցանկանում է պահպանել համառությամբ գրաված պաշտոնը: Այս հարցերն օրինական են, բայց դրանց պատասխաններն այնքան ցավալի են, որ չենք ցանկանում դրանք լսել:

Հայտարարության մեջ նշվում է, որ «ցավով են վերաբերվում» Քյոլնից արված իմ նախաձեռնություններին: Իմ բաց ու թափանցիկ նախաձեռնությունները կոչված են պահպանել մեր եկեղեցու պատիվը, հոգևորականության արժանապատվությունը և ավանդույթները: Դրանք ոչ ոքի տխրեցնելու նպատակ չունեն: Բանավեճը հոգևորականների գործը չէ: Մենք պետք է խոսենք միայն մեր սուրբ կրոնի, մեր եկեղեցու արժանապատվության, մեր առաջնորդած ժողովրդի պատվի և միմիայն ճշմարտության շրջանակում:

Մի քանի օրից կվերադառնամ Ստամբուլ: Իմ պարտականությունն եմ համարում ավելի լայն ու համապարփակ հայտարարությամբ համայնքին ու ողջ հասարակությանը լուսավորելը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս