Բաժիններ՝

ԵՄ­-ն հռչակագիր կհրապարակի Brexit-­ի վերաբերյալ պաշտոնական ծանուցումից հետո

Brexit­-ի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի՝ մարտի 29-­ին սպասվող պաշտոնական ծանուցման կապակցությամբ Եվրամիությունը հռչակագիր է պատրաստել հանրակցության անդամ 27 երկրների ղեկավարների անունից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Բրյուսելի դիվանագիտական մի աղբյուր:

«Սպասվում է, որ Brexit-­ի վերաբերյալ պաշտոնական ծանուցումից անմիջապես հետո կհրապարակվի ԵՄ­-ի 27 երկրների ղեկավարների հռչակագիրը»,­-ասել է գործակալության զրուցակիցը:

Ինչպես սպասվում է, մարտի 29­-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կհայտարարի Լիսաբոնի պայմանագրի 50-­րդ հոդվածի դրույթների իրագործումն սկսելու մասին, ըստ որի Բրիտանիան կարող է կամավոր դուրս գալ ԵՄ-­ից:

Մեյը լույս մարտի 29-­ի գիշերն ստորագրել է այն նամակը, որով Եվրամիության իշխանություններին ծանուցվում է ԵՄ­-ից երկրի դուրս գալու ընթացակարգի պաշտոնական գործարկման մասին: Ծանուցագիրը Միացյալ Թագավորության մշտական ներկայացուցիչ Թիմ Բարոուի կողմից Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին կհանձնվի մարտի 29-­ին տեղական ժամանակով ժամը 11:30­-ին (Երեւանի ժամանակով ժամը 15:30­-ին): Միաժամանակ Մեյը Բրյուսելին ծանուցման մասին պետք է իրազեկի բրիտանական խորհրդարանին:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է Տուսկը, ծանուցումն ստանալուց հետո 48 ժամվա ընթացքում ինքը հանդես կգա պաշտոնական պատասխանով եւ Brexit­ի ռազմավարության հակիրճ շարադրմամբ: Սակայն, ինչպես պնդում են բրիտանական ԶԼՄ­-ները, հղում անելով Բրյուսելի աղբյուրների, եվրոպական կողմին առնվազն ութ շաբաթ կպահանջվի առաջիկա բանակցությունների կապակցությամբ հանգամանալի ծրագիր մշակելու համար:

Ինչպես սպասվում է, այդ ծրագրի շնորհանդեսը կկայանա ԵՄ-­ի 27 երկրների ղեկավարների՝ ապրիլի 29­-ին նշանակված արտահերթ գագաթնաժողովում: Այդ ժամանակ էլ բանակցությունների մանդատը պաշտոնապես կհանձնվի Եվրահանձնաժողովի կողմից ընտրված բանակցորդին՝ ֆրանսիացի դիվանագետ Միշել Բառնիեին: Նա կգլխավորի Եվրահանձնաժողովի Brexit-­ի հարցերով արդեն ձեւավորված բաժինը:

Լուսանկարը` AFP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս