
ՉԺՀ դեսպանը այցելել է ՀՀԿ կենտրոնական շտաբ

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի ղեկավարած պատվիրակությունը մարտի 28-ին հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտորնական շտաբում:
Կուսակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀՀԿ նախագահի տեղակալ Մ. Լալայանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռ. Թադևոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Ա. Դավթյանը և ՀՀԿ խորհրդի անդամ Տ. Սահակյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀԿ մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում քննարկվեցին գալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, կուսակցության ընթացիկ գործունեությունը և առաջնահերթությունները:
ՀՀԿ նախագահի տեղակալ Մուշեղ Լալայանը ողջունեց հյուրերին՝ մատնատնշելով Հայաստանի Հանրապետական կուսակցության և Չինաստանի Կոմունիստական կուսակցության երկկողմ հարաբերությունների կարևորությունը: Պարոն Լալայանը հյուրերին ներկայացրեց կուսակցության նախընտրական ծրագրի առաջնահերթություններն ու դրանց իրագործման տեսլականը:
Դեսպան Էրլունն իր ողջույնի խոսքում ևս անդրադարձ կատարեց հատկապես երկու կուսակցությունների միջև առկա ավանդական փոխհամագործակցությանը, որոնք իրենց հերթին մեծ ներդրում են ունենում երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդմանը: Դեսպան Էրլունը մատնանշեց, որ դրական է գնահատում երկրում ժողովրդավարական, ազատ և թափանցիկ ընտրությունների կազմակերպման համար ներդրված ջանքն ու միջոցները և հաջողություն մաղթեց գործընկեր կուսակցությանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
Առանձին անդրադարձ կատարվեց Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթներին»: