«Մենք եկել ենք մեր կատարած գործով». Արմեն Ռուստամյան

Հայ Հեղափոխական դաշնակցությունն ամենուր հանդես է գալիս թիմով, շեշտը չի դնում անձի վրա, որով կպայմանավորվի կուսակցության ասելիքը, քարոզարշավը։ Այս մասին այսօր Սևանում նախընտրական հանդիպման ընթացքում ասաց  ՀՅԴ համապետական ցանկը գլխավորող, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն գաղափարի շուրջ համախմբված իրական կուսակցություն է, թիմ, որը չի ստանձնի որևէ գործ, եթե համոզված չլինի դրանում.

«Նույն կերպ մեր ընտրազանգվածն է եղել։ Մեզ մոտ ոչ թե ընտրազանգված է, այլ ավելի շուտ՝ համակիրներ, ովքեր միշտ մեզ հետ են եղել, ամեն օր, ամեն ժամ հետևել են Դաշնակցության ասածին, պահվածքին, քայլերին։ Հենց իրենք կարող են փաստել, որ Հայաստան գալուց ի վեր Դաշնակցությունը նույն դեմքը, դիմագիծը, սկզբունքներն է ունեցել, պահպանել նույն տեսակը, ունեցել է նույն ծրագրերը, նպատակները, որոնք բխել են իր համոզումից»։

Արմեն Ռուստամյանն ասաց, որ շատ կուսակցություններ, որոնք քննադատում են կուսակցությանը կամ չեն ըմբռնել ՀՅԴ-ի կատարածը, ոչ թե 127 կամ 27, այլ 127 տարվա պատմություն չունեն, և դեռ հայտնի էլ չէ՝ եթե վաղն իրավիճակի փոփոխություն տեղի ունենա, նրանք կմնա՞ն քաղաքական դաշտում։ Արմեն Ռուստամյանը հիշեցրեց՝ ինչ է տեղի ունեցել Ազգային ժողովի մի շարք խմբակցությունների հետ.

«Հերթով նայեք։ Մեկն իր անունն է փոխել։ Հինգ տարի առաջ մի անունով էր, հիմա ուրիշ անունով է հանդես գալիս։ Մի կուսակցություն ընդհանրապես գոյություն չունի, պառակտվեց։ Հինգ հոգի էին, հինգը տարբեր տեղերում են։ Մեկ այլ կուսակցություն երեք տեղ է բաժանվել, մեկը՝ «Ելքում» է, մեկը՝ ՀԱԿ-ում, մյուսը՝ «Ազատ դեմոկրատներում»։

Մյուսն էլի մի երեք-չորս տեղ է բաժանվել. մեկն ՕՐՕ է, մյուսը՝ «Բարգավաճ», մյուսը՝ Հանրապետական։ Դաշնակցությունը, ինչպես եղել է Դաշնակցություն, այդպես էլ մնացել է ոչ թե՝ այս 5 տարվա, այլ՝ 127 տարվա ընթացքում։ Սա արդեն արժեք է։ Սա մեր ընտրողների, քաղաքացիների համար հնարավորություն է, որ հավատան՝ երբեք իր գույնն ու տեսակը չի փոխել։ Մենք այսօր չենք գալիս խոստումներ տալու։ Մենք եկել ենք մեր կատարած գործով։ Մենք եկել ենք՝ արդեն ճանապարհ անցած, որը երկար տարիների մեր պայքարն է եղել»։

Խոսելով խորհրդարանական կառավարման անհրաժեշտության մասին՝ Արմեն Ռուստամյանն ասաց, որ նրանք, ովքեր խոսում են անարդարության դրսևորումների մասին, չեն ուզում անդրադառնալ, կամ նրանց պարզապես ձեռնտու չէ խոստովանել, որ դրա հիմքում ընկած է քաղաքական համակարգը, այն համակարգը, որ ծնել է այդ անարդարությունները. «Ինչպե՞ս կարելի է վերացնել մոնոպոլիան տնտեսության մեջ՝ չվերացնելով մոնոպոլիան քաղաքականության մեջ»։

Ըստ նրա՝ այսօր վստահաբար ասում են, որ ապրիլի 2-ին նոր սկիզբ ենք ունենալու Հայաստանի համար, քանի որ դրա համար նախադրյալներ են ստեղծվել։ «Դրա համար ստեղծել ենք մի վիճակ, որ որևէ մեկի մտքով չանցի յուրացնել իշխանությունը, ողջ ժողովրդի ճակատագիրը որոշի մեկ հոգի, այլ դա կատարվի կոլեգիալ, հավասարակշռված, ընդդիմությունն ու իշխանությունը՝ միմյանց հակակշռելով, յուրաքանչյուրն իր տեղն ունենա երկրի կառավարման գործընթացներում, որ կարողանանք արդար, մտածված, մշակված և ժողովրդի շահերից բխող որոշումներ ունենալ։ Դրանից արդեն կհետևեն մյուս բոլոր խնդիրների լուծումները»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս