
«Արցախպրես»-ը ներկայանում է Արցախի քարտեզը պատկերող նոր տարբերանշանով

«Արցախպրես» լրատվական գործակալության առաջարկով Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում պատրաստվել է նոր տարբերանշան, որի հեղինակն է «Թումո»-ի սան Վարդան Կարապետյանը:
Վ. Կարապետյանը նշեց, որ շատ ուրախ է, որ հենց իր աշխատանքն է ընտրվել:
«Հպարտ եմ, որ իմ աշխատանքն ընտրվել է՝ որպես «Արցախպրես» լրատվական գործակալության տարբերանշան: Դա, իրոք, մեծ պատիվ ու պատասխանատվություն է, և հուսով եմ, որ այն դուր կգա նաև կայքի ընթերցողներին»,- ասել է հեղինակը:
Խոսելով տարբերանշանի ստեղծման մասին՝ Վ. Կարապետյանը նշել է, որ ուսումնասիրել է համաշխարհային հռչակ վայելող լրատվամիջոցների տարբերանշանները՝ «Արցախպրես»-ի նոր տարբերանշանը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու համար:
«Առաջին հերթին, բնականաբար, հաշվի եմ առել պատվիրատուի ցանկությունը: Միջազգային փորձից ելնելով՝ փորձել եմ, որ այն հնարավորինս պարզ լինի: Երկար մտածելուց և աշխատելուց հետո ստացվեց հետևյալը՝ Արցախի քարտեզի վրա շարեցի ԱՀ դրոշի զիգզագաձև քառակուսիները, որը նմանվեց յուրօրինակ տողերի, ինչն էլ խորհրդանշում է գրություն: Տարբերանշանը կապույտ է, որը խորհրդանշում է խաղաղություն»,- պարզաբանել է հեղինակը և հավելել, որ այն՝ որպես բրենդային ապրանքանիշ, կարելի է տեղադրել նաև նոթատետրերի, գրիչների, պայուսակների, շապիկների ու քարտերի վրա: