Բաժիններ՝

Վահան Շիրխանյանի առողջական վիճակը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Հաշվի առնելով Արթուր Վարդանյանի կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով 2015 թվականի ընթացքում հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, դրան մասնակցելու, հանցավոր համագործակցության կազմում ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու, պահելու, բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով իշխանությունը զավթելը նախապատրաստելու վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննված թիվ 58213716 քրեական գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի և դատական նիստերին նրա չներկայանալու վերաբերյալ վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները, ՀՀ Գլխավոր դատախազությունը պարզաբանում է, որ Վ. Շիրխանյանին տրամադրվել և շարունակվում է տրամադրվել բուժօգնություն և սպասարկում ինչպես ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, այնպես էլ իր կողմից հրավիրված բժիշկ-մասնագետների կողմից, այդ թվում՝ քաղաքացական բուժհաստատություններում: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Դեռևս նախաքննության ընթացքում Վ. Շիրխանյանի առողջական վիճակը և նրան պատշաճ բժշկական օգնություն ցույց տալու հանգամանքները պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Համաձայն նշված փորձաքննության եզրակացության՝ Վ. Շիրխանյանի առողջական վիճակը եղել է բավարար, իսկ ստացված բժշկական օգնությունը՝ ճիշտ և ժամանակին:

Վ. Շիրխանյանի առողջական վիճակը գնահատելու և բուժման հետագա տակտիկան որոշելու համար կազմակերպվել է բժշկական կոնսիլիում՝ հանրապետության առաջատար բժիշկ-մասնագետների մասնակցությամբ, բազմիցս խորհրդակցություններ և հետազոտություններ են անցկացվել՝ այդ թվում Վ. Շիրխանյանի հարազատների կողմից հրավիրված մասնագետների կողմից:

Քրեական գործի դատական քննության ընթացքում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից դատարան ուղարկված փաստաթղթերի համաձայն՝ Վահան Շիրխանյանը գտնվում է բավարար առողջական վիճակում, կարող է ինքնուրույն տեղաշարժվել և վերջինիս պատգարակով դատարան տեղափոխելու անհրաժեշտությունը բացակայում է:

2017 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Վ. Շիրխանյանը հրաժարվել է ինչպես նշանակված դեղորայքի մի մասի ընդունումից, այնպես էլ հրաժարվել է քրեակատարողական հիմնարկ այցելած սրտաբանի, նյարդաբանի և թերապևտի կազմակերպած խորհրդատվություններից և հետազոտումներից:

2017 թվականի փետրվարի 23-ից Վ. Շիրխանյանը գտնվել է քաղաքացիական հիվանդանոցում՝ «Էրեբունի» ԲԿ-ում, որտեղից, ստացիոնար բուժման անհրաժեշտություն չլինելու պատճառով մարտի 3-ին դուրս է գրվել և վերջինիս նկատմամբ նշանակվել է նեղ մասնագետների հսկողություն:

Այնուամենայնիվ, պատճառաբանելով իր առողջական վիճակը, Վ. Շիրխանյանը նշանակված 7 դատական նիստերի չի ներկայացել՝ պահանջելով իրեն դատարան տեղափոխել պատգարակով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վ. Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերում առկա հետևությունների արժանահավատությունը վիճարկելու պայմաններում դրանց ստուգումը, ինչպես նաև Վ. Շիրխանյանի՝ դատական քննության ներկայանալու անհնարինության վերաբերյալ նրա պաշտպանի ներկայացրած պատճառաբանությունները կարող են հերքվել կամ հաստատվել բացառապես դատաբժշկական փորձաքննության միջոցով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վ. Շիրխանյանի դատաքննության չներկայանալու արդյունքում խախտվում է տվյալ գործում ներգրավված այլ ամբաստանյալների՝ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը, իսկ Վ. Շիրխանյանի պաշտպանը, ի հիմնավորումն իր պաշտպանյալի բացակայության վերաբերյալ արված հայտարարությունների, փորձաքննություն նշանակելու միջնորդություն չի ներկայացնում, մեղադրող դատախազն ինքը միջնորդել է նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար Վ. Շիրխանյանի՝ դատարան ներկայանալու, դատական նիստերին մասնակցելու հնարավորությունը:

Հակառակ սպասվող ողջամիտ դատավարական ակնկալիքին, որ ներկայացված միջնորդությունը, հաշվի առնելով նաև իրենց պաշտպանյալների դատավարական շահը, աջակցություն կստանա նաև տվյալ գործում ներգրավված մնացած բոլոր ամբաստանյալների և նրանց պաշտպանների կողմից, ամբաստանյալների պաշտպաններից գրեթե ոչ ոք չի միացել միջնորդությանը, իսկ որոշներն առարկել են դրա դեմ:

Դատարանի կողմից 2017 թվականի մարտի 17-ի որոշմամբ մեղադրողի միջնորդությունը բավարարվել է՝ հիմք ընդունելով տվյալ գործում ներգրավված դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության և դատավարության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս