«Ժողովրդին չպետք է վախեցնել ո՛չ պատերազմով, ո՛չ գերտերություններով». Խաչատուր Քոքոբելյան
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչները Շիրակի մարզում են։
Արթիկում ընտրողների հետ հանդիպման ընթացքում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ համոզված են՝ Արթիկում միշտ հպարտությունն է հաղթել։ Նա նշեց, որ «Ազատ դեմոկրատները» միակ ուժն են, որ պարզ ու շիտակ ասում են՝ զարգացման այն ուղղությունը, որ մինչև այսօր ունեցել ենք, Հայաստանը հանգեցրել է այս վիճակին, իրենք խոսում են եվրոպական ուղղության մասին.
«Մենք առանցքային տարբերություն ունենք թե տնտեսական ծրագրում, թե Արցախի հարցում։ Չեմ կարող չնշել, որ, այո՛, այսօր շատ է խոսվում Արցախում փոխզիջումների մասին, բայց չեն խոսում, թե ինչ փոխզիջումների մասին է խոսքը։ Մենք հստակ ասում ենք՝ Արցախում փոխզիջումը պետք է լինի միայն Արցախի միջազգային անկախության դիմաց։ Մենք ասում ենք, որ մինչև այս պահը թե միջազգային հանրությունը, թե Հայաստանի ռազմավարական գործընկերները բառացիորեն թերացել են Արցախի անկախության միջազգային ճանաչման գործում։
Այսօր մթնոլորտը փոխվել է նաև այդ հարթակներում։ Ժողովրդին չպետք է վախեցնել ոչ պատերազմով, ոչ գերտերություններով։ Քառօրյա պատերազմն ապացուցեց, որ մեր 18-20 տարեկան հերոսական, տղամարդկային բնավորությամբ զինվորների կամքի արտահայտության, հերոսության շնորհիվ միջազգային հանրությանը ևս մեկ անգամ լսելի դարձավ Արցախի արդար ձայնը»։ Քոքոբելյանն ասաց նաև, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց։
Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ շատերն են ասում, թե մինչև Արցախի խնդիրը չլուծվի, Հայաստանը չի զարգանա, սակայն ինքը չի կիսում այդ կարծիքը։
«Իհարկե, Արցախի խնդրի լուծմամբ Հայաստանի զարգացումը կարագանա, բայց ո՞վ է բռնել մեր ձեռքը, որ Հայաստանում վերացնենք ստվերը, արդարադատություն հաստատենք»,- ասաց Խաչատուր Քոքոբոլյանը՝ խոսելով կուսակցության ներկայացրած տնտեսական ծրագրերի մի քանի դրույթների մասին։ Մասնավորապես, ըստ նրա՝ կուսակցությունը 73 հազար դրամ կդարձնի նվազագույն կենսաթոշակը, ի տարբերություն մյուսների, իրենք ցույց են տալիս, թե որտեղից պետք է վերցվի այդ գումարը, նվազագույն աշխատավարձը կդարձնեն 111 հազար դրամ.
«Այդ դինամիկ ծրագրով աղքատությունը երկու անգամ կրճատվում է։ Հայաստանում կարող է 140 հազար աշխատատեղ ստեղծվել»։ Խաչատուր Քոքոբելյանը խոսեց նաև ստվերի մասին՝ հորդորելով ուսումնասիրել կուսակցությունների ցուցակները.
«Պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ նրանց 10 համարներում նստած են մարդիկ, ովքեր այդ ստվերն ապահովողներն են։ Դուք լսե՞լ եք, որ գողը գողությունը վերացնելու ցանկություն ունենա»։
Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ իրենց ցուցակում չկա մարդ, ով գործ է ունեցել կոռուպցիայի, մարդու իրավունքների ոտնահարման հետ. «Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ ոչինչ չի փոխվելու, պաշտպանում են այս ճահիճը։ Մենք ասում ենք՝ մենք կարող ենք ու փոխելու ենք։ Մենք բերելու ենք ազատության այն շունչը, որ Հայաստանում չլինի ոչ սոված քաղաքացի, ոչ ճնշված քաղաքացի, ոչ նույնիսկ ճնշված իշխանավորներ»։
«Մենք այն ազգը չենք, որ սեփական տունը շենացնելու փոխարեն՝ դեգերենք օտար ափերում։ Մենք այս տաղանդաշատ ժողովուրդն ենք, որն ունակ է արարել սեփական երկրում։ Ցավոք, 26 տարիների ընթացքում Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունը, բացի խնդիրներն ավելացնելը, խոշոր առումով գրեթե խնդիր չեն լուծել, խնդիրների մեջ թաղել են մարզեր, քաղաքներ, մի ամբողջ երկիր։ Եվ գալիս է պահը, երբ մարդիկ, սկսած քաղաքական ուժերից, սկսում են ամենատարբեր խնդիրները դարձնել ազգի ողբերգության պատճառ, Արցախը՝ որպես բեռ, մեր ազգի շնորհքներն ուղղակի ցիրուցան են անում մոլորակով մեկ։ Մենք համախմբվելու, մեր ռեսուրսներն ի մի բերելու, մեր ուժերը միմյանց գումարելու հրամայականի առջև ենք։
Այդպես ենք շենացնելու թե Արցախ, թե Հայաստան։ Եվ ահա «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ամենահամարձակ փոփոխությունների ծրագիրն է ներկայացրել այս ընտրարշավում՝ ոչ թե ուրիշներից տարբերվելու համար, այլ պարզապես գիտակցելով, որ այս արագ զարգացող, փոփոխվող աշխարհում մենք կարող ենք շտկել մեր բեկված մեջքը, ողնաշարը, ուղիղ կանգնել մեր հողի վրա՝ հպարտ, մեր եռագույնի ներքո»,- ասաց «Ազատ դեմոկրատների» ցուցակով առաջադրված Ստյոպա Սաֆարյանը։
Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ քարոզարշավի հենց սկզբից ՀՀԿ-ին կոչ են արել բանավիճել իրենց, մյուսների հետ, եթե ներկայացված ծրագիրն այդքան մրցունակ են համարում, սակայն, ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ ՀՀԿ-ն դա չարեց և երեկ հայտարարեց, որ բացի իրենցից՝ որևէ մեկը համաձայն չէ բանավեճի։