
Սիրիայի բանակը ահաբեկիչների խոշոր խմբավորում է շրջափակել Հալեպի նահանգում

Սիրիայի կառավարական զորքերը եւ ժողովրդական աշխարհազորի ջոկատները ահաբեկիչների խոշոր խմբավորում են շրջապատել Հալեպի նահանգի Դեյր Հաֆիր քաղաքի շրջանում եւ ոչնչացնում են այն: Այդ մասին բրիֆինգում հայտնել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալգնդապետ Սերգեյ Ռուդսկոյը:
«Հալեպի նահանգի հյուսիսարեւելքում Սիրիայի կառավարական զորքերը եւ ժողովրդական աշխարհազորի ջոկատները, զարգացնելով հարձակումը, ահաբեկիչների խոշոր խմբավորում են շրջապատել Դեյր Հաֆիր քաղաքի շրջանում: Ներկայում դրա ոչնչացման գործողություն է իրականացվում»,-ասել է Ռուդսկոյը:
Նա նշել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը շարունակում են աջակցություն ցուցաբերել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարող սիրիական բանակին:
Ռուդսկոյը նաեւ հայտնել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Սիրիայի Հալեպի քաղաքի 4 հազարից ավելի բնակիչներ վերադարձել են իրենց տներ:
«Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը շարունակում է խաղաղ բնակիչներին օգնություն ցույց տալ Սիրիայի ամբողջ տարածքում: Հալեպում շարունակվում են բնակելի շենքերի, դպրոցների, հիվանդանոցների եւ սոցիալական ենթակառուցվածքի այլ օբյեկտների վերականգնման աշխատանքները: Վերջին մեկ ամսվա ընթացքում իրենց տներ են վերադարձել 4 հազարից ավելի բնակիչներ»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: