«Մենք է՛լ չենք ուզում Արցախի հրապարակը նորից դառնա էդ օրերի նման՝ մեկը մեկին հաջորդող դիակներին հրաժեշտ տալու վայր…». Կոնգրես-ՀԺԿ դաշինքը քարոզեց Լոռիում
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչները քարոզարշավի շրջանակներում շարունակում են մարզային այցելությունները։ Այսօր նրանք մեկնել են Եղեգնաձոր և Սիսիան, իսկ երեկ Վանաձորում էին։
Դաշինքի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը վանաձորցիների հետ հանդիպմանը հայտարարել է, որ դեռ հնարավոր է անել առավելագույնը՝ նորմալ, խելացի խորհրդարան ունենալու համար: Ըստ նրա՝ եթե 5000 դրամը հաղթելու է գաղափարին, եթե օրը 10 դրամ կաշառքը քաղաքացուն տանելու է ոչ ճիշտ ուղղությամբ, ապա պետք է մեղադրել ոչ թե այն մարդուն, ով վերցրել է այդ փողը, այլ յուրաքանչյուրը՝ ինքն իրեն, որ թույլ է տվել, որ իր շրջապատում նման բան լինի. «Ե՛վ փող տվողն է հանցագործ, և՛ վերցնողն է հանցագործ: Մի թույլ տվեք՝ այս կարևորագույն, երկրի ճակատագիրը որոշող պահին մեր թաղի տղաները, մեր հարևանները, մեր աղքատ բարեկամները գնան այդ գայթակղությանը: Դա նշանակում է՝ յուրաքանչյուրդ իր բաժին հայրենիքն է վաճառելու 5000 դրամով, իր երեխաների ճակատագիրն է: Եվ ոչ մեկը թող չարդարանա, թե ինձնից գողացածի մեկ հազարերորդը տալիս են ինձ, բայց ոչինչ, ես կվերցնեմ, ուրիշին կտամ (քվեն): Մերոնք շատ պարկեշտ են, վերցնում են, ասում են՝ բա վերցրել եմ, ո՞նց չքվեարկեմ»:
Ա.Մանուկյանի խոսքով՝ եթե կարողանան համընդհանուր մթնոլորտ ստեղծել, որ էդ կեղծիքը գոնե սեփական շրջապատում չլինի, ապա այն տականքը, որն այսօր ԱԺ-ում է, այն անգրագիտությունը, որն այսօր ղեկավարում է, նրանց առջև ԱԺ դուռը կփակվի. «74 հոգի այս խորհրդարանում հիմա դեռևս պատգամավոր է, որոնք 5 տարվա ընթացքում մի բառ չեն խոսել: 74 հոգի՝ 131-ից»:
Լոռու մարզում դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու Սոֆյա Քալանթարյանը հիշեց, թե առաջին անգամ ինչպես Արցախ հրապարակում սկսվեցին միտինգները, և ինչպես դրանց հաջորդեց դիակների «հոսքն» այդ հրապարակ.
«Մի պահ կանգ առեք ու հիշեք էդ օրերը, մեր էդ ողբի օրերը, ու մտածեք, թե մեզ խաղաղությունն ինչքան է պետք: Մենք է՛լ չենք ուզում Արցախի հրապարակը նորից դառնա էդ օրերի նման՝ մեկը մեկին հաջորդող դիակներին հրաժեշտ տալու վայր, մեկի՝ որդին, մեկի՝ եղբայրը, մեկի՝ հարազատը կամ ընկերը: Ես խաղաղության կոչ եմ անում, որովհետև այդ խաղաղության գիտակցությունը պետք է հասնի բոլորիս: Բայց քանի որ ես մայր եմ, տատիկ եմ, ես կոչ եմ անում, որ բոլոր զգայուն սրտերը միանան էսօրվա քար դարձած մտքին, որ երբեմն այն աստիճան անհեթեթության է հասնում, որ կարող են նույնիսկ թույլ տալ ներքին արյունահեղություն, միայն թե իրենց նեղ անձնական կամ կուսակցական շահերը հետապնդեն»:
Լոռու մարզում դաշինքի ռեյտինգային թեկնածու Կարեն Ադամյանը ներկայացրեց իրենց ուժի առանձնահատկությունը։ Ըստ նրա՝ նախատեսվում է բարձրացնել 1991-ից հետո ՀՀ-ից ապօրինի դուրս տարված հսկայական դրամագլխի վերադարձնելու հարցը. «Դա կազմում է, որոշ տվյալներով՝ 20 մլրդ դոլար, որոշ տվյալներով՝ անհամեմատ ավելի շատ։ Չեք գտնի որևէ մի կուսակցության ծրագրում նման միտք, որովհետև բոլորն այս կամ այն չափով դրա մեջ խառնված են։ Գրեթե բոլորը սոցիալական խնդիրներ են առաջ քաշում, իսկ որոշ կուսակցություններ դրա վրա ուղղակի խաղում են»։