Բաժիններ՝

Ավստրալիայում մոլեգնում է «Դեբի» արևադարձային ցիկլոնը

Ավստրալիայի Քվինսլենդի նահանգի ափերին մոլեգնում է «Դեբի» արեւադարձային ցիկլոնը: Իրադարձությունների վայրից տեսանյութ է հրապարակել Ruptly­-ն։

Քամու պոռթկումները հասնում են ժամում 263 կիլոմետրի: Ինչպես նշում է BBC-ն, Բոուեն քաղաքում չկա էլեկտրականություն, իսկ Էռլի­-Բիչ քաղաքի բնակիչները սոցցանցերում գրում են, որ ճոճվում են տների տանիքները: Տարահանվել են ափամերձ շրջաններում ապրող ավելի քան 25 հազար բնակիչներ:

Ինչպես նշել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները, սա ամենահզոր ցիկլոնն է վերջին վեց տարվա ընթացքում: Ինչպես արդեն տեղեկացվել է, Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թեռնբուլը հայտարարել է Քվինսլենդի նահանգում բնական աղետների պայմաններում աշխատանքի ֆեդերալ պլանի կիրարկման մասին:

«Քվինսլենդի հյուսիս ­ արեւելքում իրադրությունը շեշտակիորեն վատթարանում է»,-արձանագրել է կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով խորհրդարանում: Նա նշել է, որ ցիկլոնի էպիկենտրոնի մոտ քամու պոռթկումների ուժը հասնում է ժամում 270 կիլոմետրի:

«Ճգնաժամային տարածաշրջան են ուղարկվել շուրջ հազար զինվորականներ, որոնք լիովին պատրաստ են օգնություն ցույց տալ»,­-նշել է Թեռնբուլը:

Ավստրալիայի Ապահովագրական ընկերությունների ազգային խորհուրդն արդեն «Դեբի» ցիկլոնը հայտարարել է բնական աղետ: Հետագայում դա պետք է տարերքից տուժած մարդկանց համար զգալիորեն հեշտացնի վնասի փոխհատուցման հայցեր հարուցելու գործընթացը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս