
Իլոն Մասքը համակարգչի հետ ուղեղի կապի տեխնոլոգիա է ստեղծում

SpaceXի եւ Tesla Motors-ի հիմնադիր Իլոն Մասքն ստեղծել է Neuralink նոր ընկերությունը, որը կզբաղվի այնպիսի տեխնոլոգիաների մշակմամբ, որոնք թույլ կտան ընթերցել մարդու ուղեղի տվյալները եւ դրանք գրանցել թվային կրիչների վրա: Այս մասին գրել է The Wall Street Journal-ը:
Ըստ թերթի տեղեկատվության՝ ընկերությունը մշակում է «նեյրոնային ժանյակի» տեխնոլոգիա, որը ենթադրում է էլեկտրոդների պատվաստում ուղեղում: Այսպիսով, մարդիկ կկարողանան իրենց մտեքրը ներբեռնել եւ դուրս հանել համակարգչից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: Նաեւ Neuralink-ի հիմնադիրները հուսով են, որ հեռանկարում այս մեթոդը թույլ կտա բուժել որոշ հիվանդություններ, այդ թվում էպիլեպսիան կամ կաթվածահարությունը, նշում է ՏԱՍՍ-ը:
Neuralink-ը, որը գրանցվել է 2016 թվականի հուլիսին, սկսել է հավաքել գիտական աշխատակիցների հաստիքակազմը: Ընկերության համահիմնադիր է դարձել ամերիկացի ձեռնարկատեր Մաքս Հոդակը: Նրա խոսքով՝ ներկայում նախագիծը նախնական փուլում է: