
Գերմանիայի ներկայացուցիչներին շարունակում են արգելել հանդիպել Դենիզ Յուջելի հետ

Թուրքիայի իշխանությունները շարունակում են արգելել Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցիչներին հանդիպել կալանքի տակ գտնվող լրագրող, գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի հետ:
Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle-ն, խնդրի մասին հերթական անգամ ահազանգել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը: Գերմանիայի ԱԳՆ խոսնակը նշել է, որ այս իրադրությունն «անհանգստացնող է և զայրացնող»:
Նա ընդգծել է, որ իրենք շարունակելու են պահանջել Թուրքիայի իշխանություններից կատարել նախապես տված խոստումը լրագրողի հետ հանդիպում թույլատրելու վերաբերյալ: Գերմանիայի ու Թուրքիայի քաղաքացի Դենիզ Յուջելը թղթակցում էր գերմանական Die Welt պարբերականին:
Փետրվարի 14-ին նա ձերբակալվել, ապա կալանավորվել է: Նա մեղադրվում է «ահաբեկչության քարոզչություն իրականացնելու, ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդելու մեջ»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան անվանել է «Գերմանիայի լրտես»:
Չնայած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել էր, որ գերմանական հյուպատոսարանի աշխատակիցները կարող են տեսնել լրագրողին, սակայն այդ թույլտվությունը մինչ օրս չկա: