Լորենց Առուշանյանի հոգեհանգիստը տեղի կունենա Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
Հայ թատերարվեստը ծանր կորուստ կրեց. 2017 թվականի մարտի 26-ին, 82 տարեկան հասակում, կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Լորենց Առուշանյանը:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Լորենց Առուշանյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
Լորենց Առուշանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 28-ին, ժամը 18:00-20:00-ն, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Ս. Սարգիս եկեղեցում: Վերջին հրաժեշտը` մարտի 29-ին, ժամը 12:00-14:00-ն, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը` ՀՀ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի
գերեզմանատանը:
Լորենց Սուլեյմանի Առուշանյանը ծնվել է 1935 թվականի հուլիսի 6-ին: 1953-57 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Վավիկ Վարդանյանի արվեստանոցում: Ավարտելուց հետո շուրջ 5 տարի աշխատել է Լենինականի Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, այնուհետև` Երևանի Ա. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
1964 թվականից աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Լորենց Առուշանյանը առաջին իսկ բեմելով դրսևորեց բացառիկ տաղանդը: Մտավորականի, ազնվագույն մարդու իր մեղմ, զուսպ և կիրթ կերպարով, նա հաջողեց բեմում և կինոյում` կերպավորումներում անմահանալով որպես ներքին փոթորկումների և ապրումների դերասան, ինչը բացառիկ շնորհ է մեր արտիստական աշխարհում:
Թատրոնում և ֆիլմերում խաղացած դերերից աչքի են ընկել իշխան Միշկինը (Ֆ. Դոստոևսկի «Ապուշը»), Վասիլը (Ժ. Հարությունյան «Ղազարը գնում է պատերազմ»), Մոորը (Ֆ. Շիլլեր «Ավազակներ»), Կասիոն (Վ. Շեքսպիր «Օթելլո»), Ադամյանը (Ժ.Հարությունյան «Խաչմերուկ»), Մորգենթաունը (Պ. Զեյթունցյան «Ոտքի, դատարանն է գալիս»), Վանահայրը (Լ. Շանթ «Հին աստվածներ»), Գաևը (Ա. Չեխով «Բալի այգին»),
Բոկան (Ա. Նիկոլայի «Վերադարձ Սորենտո»), Տեր Հայկազուն (Ֆ. Վերֆել «Մուսա Լեռան 40 օրը»), «Նվագախմբի տղաները», «Ջրհորի մոտ», «Այդ քաղցր բառը՝ ազատություն», «Ամեն ինչ նորից»: Նշանակալից դերեր է կերտել նաև հեռուստաթատրոնում:
1957 թվականից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է: 1984 թվականին նրան շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչում, իսկ 2003 թվականին` ՀՀ ժողովրդական արտիստի կոչում:
Լորենց Առուշանյանը իր ուրույն հետքը թողեց հայ թատերարվեստում: Նրա պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, թատերասեր հասարակության սրտերում: