Քաղբանտարկյա՞լ, թե՞ ոչ. Ինչո՞ւ են հակադրվել Սամվել Բաբայանի և ՕՐՕ-ի եռյակի կարծիքները

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդները երեկ ասուլիսում հայտարարեցին, որ ԼՂՀ ՊՆ և ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է։

«Դաշինքի նկատմամբ հարվածներ, ճնշումներ են եղել, համապատասխան ազդեցության տարբեր միջոցառումներ` սկսած Ջրառատի դեպքից՝ մինչև Սամվել Բաբայանի հետ կապված գործընթացները: Սամվել Բաբայանը մեր մարտական ընկերն է, մեր լավ գործընկերն է և տարբեր ժամանակներում իր հնարավորության սահմաններում աջակցել է մեզ, և իր իրավունքների պաշտպանության գործում պետք է մինչև վերջ առաջ գնանք»,- ասել է Սեյրան Օհանյանը: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հավելել է, թե ՀՀ-ն իր բոլոր իշխանությունների օրոք ունեցել է քաղաքական բանտարկյալներ, և նշել է, որ Բաբայանի բանտարկությունը քաղաքականությամբ ուղղորդված է։ Վարդան Օսկանյանը Բաբայանին համեմատել է Ժիրայր Սէֆիլյանի, Անդրիաս Ղուկասյանի, «Սասնա ծռերի» տղաների հետ:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին ձերբակալված Սամվել Բաբայանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի և 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով՝ ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
Ի տարբերություն Սամվել Բաբայանի աջակից ՕՐՕ-ի եռյակի՝ նրա փաստաբան Ավետիս Քալաշյանը հայտարարել է, որ Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում: Նա ընդգծել է, որ սա անձամբ Բաբայանի կարծիքն է։

«Ինչ վերաբերում է  քաղաքական ենթատեքստին, ես գտնում եմ, որ այս պահի դրությամբ շատ վաղաժամ է այդ մասին խոսելը, ես առայժմ որևէ հիմք չունեմ  ենթադրություններ անելու, որ սա կրում է քաղաքական բնույթ, եթե նախաքննությունն օբյեկտիվորեն ընթանա: Իսկ այս պահի դրությամբ՝ գտնում եմ, որ  օբյեկտիվ է, այսինքն՝ Սամվել Բաբայանի   իրավունքների խախտում  տեղի չի ունեցել»,- ասել է փաստաբանը։

Կարդացեք նաև

Թե ինչո՞ւ են դաշինքի առաջնորդները հակադրվում իրենց ընկերոջ կարծիքին, և ինչպե՞ս է, որ նույն հարցի շուրջ քաղաքական գործիչներն ու նրանց համակիրը տարբեր տեսակետներ են հայտնում, «168 Ժամը» հետաքրքրվեց դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից։

«Ամեն մեկն իր կարծիքն ունի,- ասաց նա՝ չընդունելով, որ որևէ հակասություն կա,- Բացարձակ, մեր կարծիքն այն է, որ քաղբանտարկյալ է, պարոն Բաբայանի կարծիքն այն է, որ քաղբանտարկյալ չի»։

Դիտարկմանը, թե՝ հնարավո՞ր է, որ Ս.Բաբայանը, իմանալով իր ունեցած կամ չունեցած առնչությունն «Իգլա» զինատեսակի ներկրման փաստին, այդ պատճառով չի շտապում ինքն իրեն քաղբանտարկյալ կոչել, Ա.Մարտիրոսյանը պատասխանեց. «Ոչ, որովհետև հենց նույն իր փաստաբանն ասել է, որ որևէ մեղադրանք չի ընդունել»։

Անդրադառնալով փաստաբանի խոսքին, որ այս պահի դրությամբ նախաքննությունն օբյեկտիվորեն է ընթանում, Ա.Մարտիրոսյանը հայտարարեց, որ իրենք որևէ մտավախություն չունեն, ամեն ինչ ակնհայտ է, և իրեն մինչև ընտրական այս պրոցեսի ավարտն ընդամենը ցանկացել են մեկուսացնել։ Նա վստահություն հայտնեց, որ ընտրական պրոցեսի ավարտից հետո Բաբայանին բաց կթողնեն. «Եթե որևէ խախտում գոյություն չունի, և ինքն էլ որևէ մեղավորություն չի ընդունում, նշանակում է՝ ընդամենն ազատությունից զրկում են՝ քաղաքական պրոցեսից մեկուսացնելու համար։ Քանի որ ազատամարտիկները մեզ են աջակցում, ինքն էլ հենց այդ ազատամարտիկների մեջ էր և շատ մեծ աջակցություն էր մեզ ցույց տալիս, նաև հասարակական կարծիքի վրա ազդելու կարողություն ուներ, հենց դրա համար։ Դրանից մեծ ազդեցություն էլ պետք չէր»։

Մեր հարցին, թե արդյոք բանտախցից այս կողմ իր ազդեցությունը զրոյանո՞ւմ է, Ա.Մարտիրոսյանը հարցով հակադարձեց. «Դուք իր խոսքը լսե՞լ եք կալանավորվելուց հետո։ Ո՛չ։ Եվ մնացածն էլ չեն լսելու։ Իսկ երբ ազատության մեջ էր, ինքը խոսում էր»։

Ա.Մարտիրոսյանը չհամաձայնեց համեմատության հետ, որ նույնկերպ, երբ Ժիրայր Սէֆիլյանն էր բանտախցում, «Սասնա ծռերի» անդամները գործողություններ իրականացրին, հիմա էլ կարող են ազատամարտիկներն աջակցել ՕՐՕ դաշինքին՝ առանց Ս.Բաբայանի։ Ըստ նրա՝ ամեն մեկն իր տեղն ունի։ Մարտիրոսյանը չցանկացավ խոսել հետընտրական գործընթացների մասին։ «Դեռ նախընտրականն անենք, վերջացնենք, հետո հետընտրականը կերևա»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս