«Սամվել Ալեքսանյանը լրիվ դերի մեջ է»

Քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչներ իրենց դերասանական կարողություններով չեն զիջում անվանի շատ դերասանների: Այս մասին համակարծիք էին «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու, դերասան Հրաչյա Հակոբյանն ու Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորության թեկնածու, դերասանուհի Ժասմին Ասրյանը, ովքեր Թատրոնի միջազգային օրվա առիթով հրավիրված ասուլիսում զուգահեռներ էին անցկացնում թատրոնի և քաղաքականության մի ջև:

«Տարբերությունը միայն տեղանքն է. բեմի վրա խաղում են դերասանները, իսկ կյանքում` մյուսները: Կան քաղաքական գործիչներ, որոնք փորձում են մտնել քաղաքականություն մեծագույն դերասանության ճանապարհով, որին ընդունակ չէ նույնիսկ բեմի դերասանը»,-  նշեց Ժասմին Ասրյանը:

Թեկնածուների համար, ովքեր, ի դեպ, որոշել են ընտրվելու դեպքում անգամ շարունակել ստեղծագործական գործունեությունը, ընդունելի չէ, որ մշակութային գործիչները նախընտրական օրերին հստակ դիրքորոշում չեն հայտնում` նշելով, որ իրենք հեռու են քաղաքականությունից: «Երբ այս կամ այն երգչին կամ արտիստին տալիս են վաստակավորի կոչում եւ դա մշակութային որոշ գործիչների սրտով չի լինում, սկսում են բողոքել, թե այս ու՞մ են տալիս, ի՞նչ է կատարվում մեր երկրի մշակութային ասպարեզում: Սակայն երբ մենք ընտրում ենք իշխանություն, որը պետք է հետագայում այս կամ այն գործչին տա կոչումներ, այդ ժամանակ նրանք ձեռնպահ են»,- ասաց Հրաչյա Հակոբյանը:

Հակոբյանն առաջադրվել է, որովհետեւ տեսնում է շատ անելիքներ այս ոլորտում, որոնք լուծման կարիք ունեն: «Ելք»-ի ծրագրում նշված է, որ մշակույթը պետք է բարձրացնի երկրում կրթական ցենզը: Թատրոնը պետք լինի վայր, որտեղ մարդը կբարձրացնի իր կրթական մակարդակը:

«Մենք ունենք գերխնդիր ինչպես մշակութային, այնպես էլ կրթական ոլորտում: Մեր ծրագրում հստակ նշված է նաև, որ կրթական հաստատություններում աշխատողները պետք է դուրս մնան ընտրական պրոցեսներից»,-ասաց Հրաչյա Հակոբյանը:

Նա նաեւ նկատեց, որ քաղաքական գործիչների մեջ քիչ չեն այն գործիչները, որոնք դերասանական տաղանդ ունեն: Օրինակ՝ ըստ նրա, Սամվել Ալեքսանյանը լավ է խաղում, երբ լրագրողներին ասում է, որ փող չունի, բիզնես չունի, որտեղից ընտրակաշառք կարող է բաժանել. «Ստանիսլավսկու ասած՝ լրիվ դերի մեջ է, ես հավատում եմ նրան: Քաղաքական դաշտում այնպիսի դերասաններ ունենք, որոնք Օսկարի են արժանի»:

Տեսանյութեր

Լրահոս