Բաժիններ՝

Սամվել Բաբայանի հետ «Իգլայի» գործով ձերբակալվածը նրա մարտական ընկերն է. armtimes.com

armtimes.com-ը գրում է. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի փաստացի ղեկավար եւ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով պաշտպանական կողմն ու Դատախազությունը մեկը մյուսին հակասող հայտարարություններով են հանդես գալիս: Նախ, Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը Բաբայանին մեղադրանք առաջադրելուց անմիջապես հետո հայտարարեց, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն անհիմն է որակում, հետո էլ Դատախազությունը այս գործով մանրամասն հաղորդագրություն տարածեց եւ նշեց, որ Սամվել Բաբայանը որպես կասկածյալ հրացաքննվելիս ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը: Նշենք, որ սովորաբար Դատախազությունն իր հաղորդագրություններում հարցաքննության նման մանրամասների չի անդրադառնում:

Բացի դա պաշտպան Ավետիս Քալաշյանը Սամվել Բաբայանին ձերբակալելիս ասել էր, որ գործով մյուս ձերբակալվածներին իր վստահորդը չի ճանաչում: Այսօր, սակայն, մեր զրույցում ասաց, որ ձերբակալվածներից մեկը Սամվել Բաբայանի մարտական ընկերն է: Այս թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը:

-Պարոն Քալաշյան, Սամվել Բաբայանին մեղադրանք առաջադրելուց հետո դուք հայտարարեցիք, որ ձեր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Մեկ օր անց, սակայն, Դատախազությունը հակառակ հաղորդագրությունը տարածեց, նշելով, որ Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը: Այս հակասություններն ինչպե՞ս կբացատրեք:

-Մենք հայտարարության հետ համաձայն չենք, խնդիրը կայանում է նրանում, որ առնչություն ասելը դատախազությունն այլ կերպ է ներկայացնում, ես՝ այլ կերպ: Բայց ես այդ հարցին հիմա լիրարժեք չեմ կարող պատասխանել, ոչ թե այն պատճառով, որ պատասխանը չունեմ, այլ՝ լիարժեք պատասխանելու համար պետք է քրեական գործից տվյալներ հայտնեմ, որը չեմ անի:

– Պարոն Քալաշյան, այսինքն՝ Սամվել Բաբայանը որպես կասկածյալ հարցաքննվելիս չի՞ ընդունել իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը:

-Առնչություն ասելով դուք ի՞նչ եք հասկանում: Ես հասկանում եմ՝ կապ ունենալ հանցագործության հետ, այսինքն մեղսակից լինել, պարոն Բաբայանը իր մեղքը չի ընդունել, այսինքն՝ քրեաիրավական իմաստով առնչություն չունի:

-Այդ դեպքում ինչո՞ւ է դատախազությունը նման բովանդակության հաղորդագրություն տարածքում:

Իսկ ի՞նչ պետք է ասեր, որ անհի՞մն է մեղադրանք առաջադրվել:

-Ոչ, հրապարակեր Բաբայանի այն ցուցմունքը, որ ըստ ձեզ՝ ինքը չի ընդունում մեղադրանքը:

-Դա փաստ է, որ չի ընդունում: Որպես մեղադրյալ հարցաքննության մեջ այդպես էլ նշված է՝ առաջադրված մեղադրանքում ինձ մեղավոր չեմ ճանաչում:

– Դատախազության այս հաղորդագրության հետ կապված Դուք որեւէ քայլ ձեռնարկելո՞ւ եք:

– Ես ամեն հայտարարություն հիմք չեմ ընդունում: Ինձ համար կարեւորը գործի ելքն է: Թե չէ ընթացքում ով ինչ հայտարարություն կանի…

– Դատախազությունը, կարելի է ասել՝ դեռ որեւէ գործով նման հայտարարություն չէր տարածել:

– Ես իմ հակադարձումն արդեն արել եմ:

– Սամվել Բաբայանին կալանավորելու միջնորդությունը քննարկելիս, դուք գրավի միջնորդություն ներկայացրե՞լ եք;

– Ոչ, որովհետեւ ես գտել եմ, որ կալանավորման միջնորդությունն անհիմն է: Եթե մենք առաջադրված մեղադրանքը չենք ընդունում, կալանավորման հիմքերը իսպառ բացակայում են, ինչո՞ւ նման միջնորդություն ներկայացնենք:

– Դատարանի որոշումը բողոքարկելո՞ւ եք:

– Իհարկե:

– Սամվել Բաբայանը ինչպե՞ս է իրեն զգում, առողջական խնդիրներ ո՞ւնի:

– Նորմալ է, ոչինչ, այնպես չի, որ լրիվ առողջ է:

– Պարոն Քալաշյան, ի վերջո Սամվել Բաբայանին ձերբակալել են ինչ-որ անձանց ցուցմունքների հիմա՞ն վրա: Նրա դեմ ցուցմունք տված անձինք կա՞ն:

Նրա դեմ ցուցմուքներ չկան, ուղղակի որոշակի տվյալներ է ձեռք բերել նախաքննության մարմինը, հիմա էդ ամեն ինչը կպարզվի:

– Ի՞նչ տվյալների մասին է խոսքը:

– Ոչ, չեմ կարող ասել:

– Գործով կալանավորված մյուս երկու անձանց Սամվել Բաբայանը ճանաչո՞ւմ է:

– Մեկին ճանաչում է, այո, իր մարտական ընկերն է:

– Իսկ ո՞վ է նրա ընկերը, անունը կնշե՞ք:

– Ոչ, չեմ կարող, եթե նախաքննության մարմինը չի հրապարակում, հետեւաբար ես էլ չեմ կարող հրապարակել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս