Ահաբեկչությունից հետո Լոնդոնում բացել են բրիտանական խորհրդարանի դարպասները
Լոնդոնում խորհրդարանական շենքերի համալիրի գլխավոր դարպասները բացվել են այն բանից հետո, երբ մի քանի օր դրանք արգելափակված էին մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատճառով։
Ահաբեկչության ժամանակ չարագործը նետվել էր գլխավոր դարպասների կողմը եւ դանակով հարձակվել ոստիկանի վրա: Դարպասները, որոնք օգտագործվում են խորհրդարանի տարածք մտնելու համար, սովորաբար բաց են մնում ցերեկային ժամերին, դրանք պահպանում են երկու անզեն ոստիկաններ: Որպես կանոն ոստիկանները շփվում են զբոսաշրջիկների հետ եւ չեն մերժում նրանց հետ լուսանկարվելու խնդրանքները:
Ահաբեկչությունից հետո դարպասները փակվել էին, իսկ դրսի կողմից դրանց մոտ պաշտպանական արգելափակոց է կանգնեցվել: Մարտի 27-ի առավոտից խորհրդարանի գլխավոր դարպասները վերաբացվել են, բայց այժմ դրանք պահպանում են հինգ ոստիկաններ, որոնք նույնպես անզեն են: Հետեւի մասում՝ մի քանի մետրի վրա, կանգնած են ոստիկանության երկու զինված աշխատակիցներ, իսկ բակի խորքում պարեկում են եւս մի քանի ոստիկաններ:
Ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին, դարպասների եւ համալիրի արգելափակոցի մոտ հարյուրավոր ծաղկեփնջեր են դրված ի հիշատակ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների:
Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին գտնվում էր ահաբեկիչը, Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին վրաերթի է ենթարկել անցորդների եւ երեք ոստիկանների: Վարորդը մեքենան լքել է բրիտանական խորհրդարանի շենքի մոտ, իսկ այնուհետեւ դանակներով նետվել ոստիկանի վրա եւ փորձել է ներխուժել խորհրդարան, բայց գնդակահարվել է իրավակարգի պահապանների կողմից:
Արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել է երեք մարդ, տուժածների թիվը հասնում է մի քանի տասնյակի:
ՍքոթլանդՅարդը միջադեպը որակել է որպես ահաբեկչական գործողություն: