
ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը դեմ է Թուրքիայի սահմանադրության փոփոխությանը

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Գերմանիայի Քրիստոնեա դեմոկրատական միություն (CDU) կուսակցության պատգամավոր Էլմար Բրոքը հայտարարություն է արել Գերմանիայում թուրքական
դիվանագիտական ներկայացուցչություններում Թուրքիայի Սահմանադրական հանրաքվեի քվեարկության գործընթացի մեկնարկի առնչությամբ` հորդորելով տեղի թուրքերին «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
«Թուրք քաղաքացիներին խորհուրդ եմ տալիս դեմ քվեարկել սահմանադրության փոփոխությանը` այդպիսով կողմ քվեարկելովազատությանը»,-նշել է նա:
Բրոքի խոսքով` նախատեսվող փոփոխությունները նվազեցնելու են մեջլիսի լիազորություններն ու վնասելու են դատական համակարգի անկախությանը: «Ժողովուրդը չպետք է դա թույլ տա»,-ասել է նա:
Բրոքի խոսքով` փոփոխվող սահմանադրությամբ Թուրքիան հակառակվելու է Եվրոպայի սկզբունքներն ու չի կարողանալու դառնալ Եվրամիության անդամ: Մարտի 27-ին Թուրքիայի արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններում մեկնարկել է հանրաքվեի քվեարկության գործընթացը, որն ավարտին է հասնելու ապրիլի 9-ին: Ընտրելու իրավունք ունի արտերկրում բնակվող Թուրքիայի 2 միլիոն 927 հազար քաղաքացի: Ամենամեծ թվով ընտրողները Գերմանիայում են` 1 միլիոն 423 հազար: