Գյուլենը պատրաստվում է փախչել Կանադա. Թուրքիայի արդարադատության նախարար
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում բնակվող չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մտադիր է փախչել Կանադա: Աս մասին Բոզդաղն ասել է թուրքական Sabah պարբերականին տված հարցազրույցում:
«Մեր հետախուզական ծառայությունն այս մասին լուրջ տեղեկություններ ունի: Մենք այս տեղեկությունները հայտնել ենք Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությանը: Տեղյակ ենք, որ Կանադայում հողատարածք է գնել ու սկսել է նախապատրաստություն տեսնել այնտեղ գնալու թույլտվություն ստանալու համար»,-հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարարը:
Բոզդաղի խոսքով` Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից հետո Կանադա տեղափոխվելու պատրաստություններն ավելի մեծ թափ են ստացել:
Պաշտոնական Անկարան 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման ձախողված փորձի մեջ մեղադրում են չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով 1999 թվականից բնակվում է Միացյալ Նահանգներում: Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է իրենց արտահանձնել Գյուլենին:
Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը: