Ինչո՞ւ էր Նաիրա Զոհրաբյանը Գառնիում ծնողներին կոչ անում հանել իրենց երեխաներին այդ դպրոցներից ու մանկապարտեզներից. Գառնիկ Իսագուլյանի մեկնաբանությունը

ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է դպրոցների ու մանկապարտեզների այն տնօրեններին, որոնք զբաղված են իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ընտրական ցուցակների հավաքագրմամբ:

– Պարոն Իսագուլյան, վերջերս «Վարչական ռեսուրսի չարաշահո՞ւմ, թե՞ քարոզչություն. հանրակրթության քաղաքականացվածության խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը հրապարակած ձայնագրություններով փաստում էր, որ Հանրապետական կուսակցությունը ստիպում է դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններին՝ զբաղվել ընտրական ցուցակների հավաքագրմամբ: Ի՞նչ կարծիք ունեք այդ ամենի մասին:

– Ես փորձեցի հնարավորինս ուշադիր ուսումնասիրել նախ Իոանիսյանի ասածները, այնուհետև լսել հրապարակված ձայնագրությունները, ինչպես նաև հետևել տարբեր արձագանքների ու մեկնաբանությունների: Առաջին հետևությունը, որ արեցի, հետևյալն է. որտեղի՞ց պրն Իոանիսյանին այդ ցուցակներն ու հեռախոսահամարները՝ նաև անձնական, որոնց մասին շեշտում է հենց ինքը: Արդյո՞ք իրավաչափ են այն գործողությունները, որոնք կատարել է վերջինս:

Այստեղ իրավաբանները լուրջ աշխատելու խնդիր ունեն: Եվ արդյո՞ք պրն Իոանիսյանի գործողություններում ոտնահարված չեն մարդու իրավունքները, որոնց մասին այդքան շատ խոսում է ինքը: Ձայնագրություններում հստակ չէ, թե ինչ ցուցակների մասին է խոսքը, քանզի այսօր կարելի է զանգահարել ցանկացած մեկի, տալ նույն հարցերը, ու դուք կստանաք նույն պատասխանները: Ընդ որում, ձայնագրություններում ստախոսը (այդպես անվանենք հեռախոսի մյուս կողմում թաքնված հարցատուին, քանզի նա կեղծում է իր ինքնությունն և հանդես է գալիս մի ողջ կազմակերպության անունից) ինքն է ուղղորդում պատասխանողին, որոնցից, ըստ էության, փորձում է ճնշմամբ կորզել այն պատասխանը, որն ինքը կանխավ ուզում է ստանալ:

Բացի այս ամենը, ՀՀ քրեական օրենսգիրքը հոդված 146-ով արգելում է Նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը: Վստահ եմ՝ Իոանիսյանը կփորձի տարբեր փաստարկներով ներկայացնել, որ իրենց գործողությունը չի ընկնում այդ հոդվածի տակ, բայց պետք է հիասթափեցնեմ նրան, քանզի կարող են առաջ գալ նաև այլ խնդիրներ, այն է՝ մարդու արժանապատվության և այլ կարգի իրավունքների խախտման առումով: Մի մոռացեք, հեռախոսազրույցում ստախոսը ներկայանում է՝ որպես կոնկրետ անձ՝ անկախ նրանից՝ ինչ անունով, և այդ ստախոսի հանցանքի ողջ պատասխանատվությունը պրն Իոանիսյանն ասուլիսում վերցրել է իր վրա, այսինքն՝ ինքն է կրում կատարված գործողության ամբողջական պատասխանատվությունը:

– Ձեր խոսքում, ըստ էության, ակնարկ կա, որ պրն Իոանիսյանը կատարում է ինչ-որ մեկի պատվե՞րը, և նրան ցուցակները տրվե՞լ են:

– Դա իմ խորին համոզմունքն է: Ես նույնիսկ կարող եմ ասել, թե ով է տրամադրել այդ ցուցակները, ու շատ ավելի զարմանալի է, որ այդ ասուլիսից անմիջապես հետո որոշ ընտրական դաշինքների կարկառուն ներկայացուցիչներ արդեն իսկ այդ թեման դարձրել են իրենց քարոզչության մեջ իշխանություններին և, հատկապես՝ Հանրապետական կուսակցությանը մեղադրանք ներկայացնելու հիմնական փաստարկներից մեկը:

– Կարո՞ղ եք ավելի կոնկրետ ասել:

– Այո, «Ծառուկյան» դաշինքի առաջին կին թեկնածու Նաիրա Զոհրաբյանը Գառնիում իր ելույթի ժամանակ կոչ էր անում ծնողներին՝ հանել իրենց երեխաներին այդ դպրոցներից ու մանկապարտեզներից: Ասելու շատ բան կա, առայժմ բավարարվենք այսքանով:

Տեսանյութեր

Լրահոս