«Որ Արարատում կրի գործարան ունեք, էդ իշխանության հետ համաձայնեցված է, չէ՞».- Նաիրա Զոհրաբյանը՝ Արամ Սարգսյանին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Ծառուկյան» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Գառնիում:

Դաշինքի ցուցակի առաջին կին թեկնածու Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձավ մյուս ընդդիմադիրների կողմից իրենց հասցեին հնչող մեղադրանքներին: Ըստ Ն. Զոհրաբյանի՝ այս իշխանությանը կարող է հաղթել միայն «Ծառուկյան» դաշինքը:

«Որոշ քաղաքական ուժեր, որոնք հասկացել են, որ իրենց համար ելք չկա՝ անցել են «Ծառուկյան» դաշինքը վարկաբեկելուն, չի ստացվելու, ժողովուրդը միամիտ չէ, ժողովուրդը բոլորին հատ-հատ գիտի, բոլորի կենսագրությունը գիտի, թե ով ինչի վրայով անցնելով եկավ իշխանության, ով ինչպես է իշխանությունից ստանում իր նպաստը և սկսում ծառայել այս իշխանությանը: Հիմա նույն Արամ Զավենի Սարգսյանը, երեկ քննադատում է «Ծառուկյան» դաշինքին և Ծառուկյանին՝ ասելով՝ ժողովուրդ, մեր երկրում առանց իշխանության թույլտվության կաթի մթերման կետեր հնարավոր չէ ունենալ: Հիմա հարցնում եմ՝ պարոն Սարգսյան, որ Արարատում կրի գործարան ունեք, էդ իշխանության հետ համաձայնեցված է, չէ՞:

Բա դուք ասում եք՝ կաթի մթերման գործարան հնարավոր չէ ունենալ… Կամ, որ քո եղբայրը ՀՀԿ-ի առաջին համար Վիգեն Սարգսյանի խորհրդականն է և Արարատի մարզում աշխատում է ՀՀԿ-ի համար, դա ո՞նց է լինելու, դրա համար էլ դու գնացել-առաջադրվել ես Սյունիքում, բաժանել եք երկու ախպերների մեջ. մեկն Արարատի մարզում ապահովում է Արամ Սարգսյանի ասած՝ հանցավոր իշխանության վերարտադրությունը, մյուսն էլ գնացել է, իր մարզը թողած՝ Սյունիքում առաջադրվում է, որ ախպորը չխանգարի:

Չէի ասի, եթե մարդիկ չխախտեին կոռեկտության սահմանները: Երեկ ասում է՝ ««Ծառուկյան» դաշինքը մեր ձայներն է տանելու», այո, տանելու ենք, տանելու ենք այն բոլոր ձայները, որոնք դուք փորձում եք մոլորեցնել, փորձում եք ներկայանալ, որ դուք միակ ընդդիմությունն եք»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս