
Շուրջ 1500 երեխա է զոհվել Եմենում պատերազմի երկու տարվա ընթացքում. ՄԱԿ

Եմենում զինված հակամարտության երկու տարվա ընթացքում զոհվել է մոտավորապես 1,4 հազար երեխա: Այդ մասին մարտի 26-ին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենը՝ Եմենի կառավարության եւ խռովարարների միջեւ դիմակայության սկսվելու երկրորդ տարելիցի առթիվ հանդես գալով գրավոր հայտարարությամբ:
«Չնայած բանակցությունների միջոցով հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերին, ռմբակոծությունների եւ հրետակոծություններից դղրդյունները, գնդակների սուլոցները առօրյա կյանքի մաս են դարձել Եմենում»,-արձանագրել է նա:
«Հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել, այդ թվում՝ 1,4 հազար տղաներ ու աղջիկներ: Նրանցից շատերնառավոտյան դպրոց են գնացել ու չեն վերադարձել: Տասնյակ հազարավոր քաղաքացիական անձինք վերքեր են ստացել»,-ասաց գլխավոր քարտուղարի տեղակալը:
Նա նշել է, որ վերջին գնահատումների համաձայն, հումանիտար օգնության կարիք ունեն գրեթե 19 մլն եմենցիներ, այսինքն՝ երկրի բնակչության երկու երրորդը, նրանցից 7 միլիոնին սով է սպառնում: Ինչպես ընդգծել է Օ՛Բրայենը, միջազգային հանրակցությունը պետք է հնարավոր ամեն բան անի Եմենում հումանիտար աղետից ՝ խուսափելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: