
Արտերկրում բնակվող թուրքերը սկսել են քվեարկել Թուրքիայի սահմանադրական հանրաքվեում

Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնադրության համաձայն` արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիները մարտի 24-ից սկսել են քվեարկությունը Սահմանադրական հանրաքվեում: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:
Քվեարկության գործընթացը մեկնարկել է 57 երկրի 120 ներկայացուցչությունում: Ընտրատեղամասեր են բացվել նաև Թուրքիայի սահմանային անցակետերում ու Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում: Արտերկրում սահմանադրական հանրաքվեում քվեարկելու գործընթացը կավարտվի ապրիլի 9-ին:
Ընդհանուր առմամբ ընտրելու իրավունք ունեն արտերկրում բնակվող 2 միլիոն 927 հազար մարդ: Ամենամեծ թվով ընտրողները Գերմանիայում են` 1 միլիոն 423 հազար:
Թուրքիայում սահմանադրական հանրաքվեն կկայանա ապրիլի 16-ին: Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի: Մեջլիսի և նախագահի ընտրություններն անցկացվելու են 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող
է լինել կուսակցական: