Օզդեմիրը հորդորել է դեմ քվեարկել Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին
Գերմաիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հորդորել է գերմանաբնակ թուրքերին ապրիլի 16-ին «ոչ» քվեարկել Թուրքիայի սահմանադրական հանրաքվեում: Այս մասին հայտնում է թուրքական Demkrathaber.net-ը:
«Նախագահ Էրդողանն իրեն ներկայացնում է որպես «փրկիչ», սական իրականում անգամ Եվրոպայի հետ բախման մեջ է»,-նշել է Օզդեմիրը:
Նա ընդգծել է, որ Թուրքիայում տիրող վախի մթնոլորտը հասել է արդեն Գերմանիա: «Մի վախեցեք, գնացեք քվեարկելու: Մենք` որպես Կանաչների կուսակցություն, ձեր կողքին ենք»,-հայտարարել է Օզդեմիրը` նշելով, որ իրենք եղել են ու շարունակում են մնալ Եվրամիությանը ժամանակակից ու ժողովրդավար Թուրքիայի անդամակցության կողմնակցի դերում:
«Մենք մշտապես անկախ, տնտեսապես հզոր, բոլոր քաղաքացիներ համար նախատեսված Թուրքիա ենք ցանկացել: Սունի, ալևի, թուրք, քուրդ, թե հայ, Էրդողանի կողմից, թե նրան դեմ` երազել ենք հզոր մի Թուրքիա, որին կհարգի ողջ աշխարհը: Այս ամենը հնարավոր է միայն ժողովրդավարության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, մտքի և մամուլի ազատության դեպքում: Խնդրում եմ, «ոչ» ասեք Էրդողանի սահմանադրական փոփոխություններին: Աջակցեք Թուրքիայի ապագային, Թուրքիայի և Եվրոպայի խաղաղ համակեցությանը»,-ասել է
Կանաչների կուսակցության համանախագահը: Թուրքիայում սահմանադրական հանրաքվեն կկայանա ապրիլի 16-ին: Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի:
Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի: Մեջլիսի և նախագահի ընտրություններն անց են կացվելու 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական: