Շվեյցարիայի դեսպանության գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` կապված Շվեյցարիայի Բեռն քաղաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը քննադատող բողոքի ակցիայի կազմակերպման հետ:
Ինչպես հաղորդում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքը, կատարվածի առնչությամբ
արտգործնախարարություն է կանչվել Թուրքիայում Շվեյցարիայի դեսպանության գործերի հավատարմատարը:
ԱԳՆ-ում ցույցը որակել են որպես բռնությունն ու ահաբեկչությունը խրախուսող գործողություն: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ հետևում են Շվեյցարիայի դաշնային կառավարության կողմից այս ցույցի առնչությամբ ձեռնարկելիք իրավական ու վարչական քայլերին:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ խնդրի առնչությամբ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել շվեյցարացի գործընկերոջ հետ:
Շվեյցարիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու թուրքական կառավարության քաղաքականությունը դատապարտող բողոքի ակցիա է կազմակերպվել: Բողոքի ակցիայի` մի քանի հազարի հասնող մասնակիցները Բեռնում կոչ են արել երկրում պահպանել ազատություններն ու ժողովրդավարությունը:
Ցուցարարները նաև մեծ սև պաստառ են պատրաստել, որի վրա պատկերված է եղել Թուրքիայի նախագահը, ում գլխի մոտ նկարված է եղել ատրճանակ: Պաստառի վրա եղել է հետևյալ գրությունը. «Սպանեք Էրդողանին նրա սեփական զենքերով»: Ցույցի ժամանակ բարձրացվել են Քրդական բանվորական կուսակցության (PKK) խորհրդանիշները: