
Եզդի ուսուցչուհին Քյարամ Սլոյանին բանաստեղծություններ է նվիրել. դրանք կհնչեն մահվան տարելիցին

Քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի մահվան տարելիցի կապակցությամբ եզդի ուսուցչուհի Ջեմմա Ավդոյանը գրել է բանաստեղծություններ, որոնք ապրիլի 2-ին` հերոսի մահվան օրը, նրա աշակերտները կկարդան Քյարամ Սլոյանի շիրիմի առաջ: Այս մասին մարտի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ուսուցչուհին: «Որոշեցի բանաստեղծություններ գրել, որպեսզի սիրտս մխիթարեմ ու նրա հիշատակը հավերժ վառ պահեմ: Նրա մահը ցավալի էր, մենք միշտ էլ հիշելու ենք ու ցավելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ջեմմա Ավդոյանը:
Բանաստեղծությունները դեռեւս 12-ն են, սակայն ուսուցչուհին նպատակ ունի դրանց թիվը ավելացնելու: Եղած բանաստեղծությունները տպագրելու համար նրան օգնություն է անհրաժեշտ: «Եթե մարդիկ կլինեն, ովքեր ցանկություն կհայտնեն աջակցելու, ես պատրաստ եմ բանաստեղծությունները տրամադրել»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա էին նաեւ այն երեխաները, ովքեր ապրիլի 2-ին Քյարամ Սլոյանի շիրիմի մոտ պետք է ներկայացնեն բանաստեղծությունները, որոնք ասմունքեցին նաև լրագրողների համար, ապա խոսեցին նաեւ հերոսի մասին: Մասնավորապես տղաները իրենց խոսքում նշեցին. «Հայաստանը նույնն է մեզ համար, ինչ մայր հայրենիքը ու պատրաստ ենք Քյարամի սխրանքը մենք եւս կրկնել»:
Արցախի հետ շփման գծում 2016 թվականի ապրիլի 2-ից Ադրբեջանը սանձազերծեց բախումներ, որոնք տեւեցին 4 օր: Քառօրյա պատերազմի օրերին զոհված զինվորներից մեկը ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանն էր, ով զոհվել է Մարտակերտում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ:
Լիանա Անդրեյան
Լուսինե Թադևոսյան