Բաժիններ՝

Բուլղարիան արգելել է թուրք լրագրողներին լուսաբանել խորհրդարանական ընտրությունները

Բուլղարիայի իշխանություններն արգելել են թուրք լրագրողների մուտքը երկիր` լուսաբանելու մարտի 26-­ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.netLike-ը:

Բուլղարիայի իշխանությունները հայտարարել են, որ նման որոշում են կայացրել «անվտանգության նկատառումներից ելնելով»:

Ավելի վաղ, Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ առաջատար երկու կուսակցությունների ղեկավարները հորդորել էին Թուրքիային դադարեցնել միջամտությունն ընտրական գործընթացին: Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Կորնեիլա Նինովան անընդունելի էր համարել Թուրքիայի ղեկավարների կողմից հնչեցված կոչերն այս կամ այն կուսակցության օգտին քվեարկելու վերաբերյալ:

Աջակողմյա ԳԵՐԲ կուսակցության («Բուլղարիայի եվրոպական զարգացման քաղաքացիներ») առաջնորդ, վարչապետ Բոյկո Բորիսովը ևս իր անհանգստությունն էր հայտնել թուրքական միջամտությունների առնչությամբ:

«Նման միջամտությունն անընդունելի է»,­ հայտարարել էր նա: Այդ կապակցությամբ Բուլղարիայի ԱԳՆ էր կանչվել Սոֆիայում Թուրքիայի դեսպանը, իսկ Անկարայում Բուլղարիայի դեսպանը կանչվել էր երկիր խորհրդակցությունների նպատակով:

Հայտնի է դարձել նաև, որ բուլղարացի կամավորները թուրք­բուլղարական սահմանին պատ են կառուցում` ցանկանալով կանխել մինչև ընտրությունները անօրինական ճանապարհով Թուրքիայից Բուլղարիա անցնել ցանկացողների մուտքը:

Մարտի 26­-ին Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ մասնակցելու է ԴՈՍՏ կուսակցությունը, որը ներկայացնում է այդ երկրում բնակվող 700 հազար թուրքերին: Թուրքիայի ղեկավարները կոչ էին արել ձայներ տալ հենց այս կուսակցությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս