«Գլուխներդ՝ բարձր, դուխներդ՝ տեղը». «Ելքը» Տավուշի մարզում է

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ելք» դաշինքի անդամներն այսօր Տավուշի մարզում են։ Ազատամուտ համայնքում ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի ցուցակով ԱԺ ընտրություններին առաջադրված Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եկել են մարդկանց ասելու, որ սուտ են այն բոլոր խոսակցությունները, թե ընտրությունների արդյունքները կանխորոշված են, թե ինչ-որ մարդիկ քաղաքացիների փոխարեն՝ արդեն որոշել են։ «Մենք եկել ենք ձեզ ասելու, որ ձեր ձայնը վճռորոշ է, և մենք հույս ենք դնում ձեր ձայնի վրա և ասում ենք՝ դուք էլ կարող եք հույս դնել մեր ձայնի վրա՝ Հայաստանը Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հուսահատության փոսից հանելու գործում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիներին հորդորելով ապրիլի 2-ին գնալ ընտրական տեղամասեր, «գլուխները՝ բարձր, դուխները՝ տեղը» քվեարկել «Ելք» դաշինքի օգտին։

«Չհուսահատվեք, ժողովո՛ւրդ ջան, ելք կա, ելքը ձեր ձեռքում է, ելքը մեկն է՝ համար 1 քվեաթերթիկը։ Ես ձեզ բոլորիդ շատ սիրում եմ։ Մենք բոլորս իրար հետ պարտավոր ենք մեր սիրելի հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը, դուրս հանել Սերժ Սարգսյանի, Հանրապետական կուսակցության և նրանց սպասարկող քաղաքական ուժերի հուսահատության փոսից։ Գլուխներդ՝ բարձր, դուխներդ՝ տեղը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս