Բաժիններ՝

Լապշինի մայրը հանդիպել է որդուն

Ադրբեջանում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը` Բելլա Լապշինան մարտի 24­-ին Բաքվի թիվ մեկ քրեակատարողական հիմնարկում հանդիպել է որդու հետ: Այս մասին հայտնում է ադրբեջանական moderator.az-­ը:

Լապշինի փաստաբան Էդուարդ Չերինի խոսքով` Լապշինը մոր հետ հանդիպմանը առողջական վիճակից չի բողոքել: Մարտի 22-­ին Լապշինի կինն ընդգծել էր, որ եթե մարտի 17-­ին Լապշինի հետ հեռախոսազրույցի ժամանակ բլոգերը խոսել էր առողջական
վիճակի վատացումից, ապա մարտի 21­ի հեռախոսազրույցն ավելի լուրջ մտավախություններ է առաջացրել:

«Բացի գլխացավից, որը վերջին օրերին դարձել է նրա մշտական «ուղեկիցը», երեկ երեկոյան քթից արնահոսություն է ունեցել: Հարցին, թե ինչ է այդ մասին ասում քննչական մեկուսարանի բժիշկը, նա պատասխանեց, որ, ընդհանուր առմամբ, ոչ մի բան»,­ նշել էր Եկատերինան:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-­ին մերժել էր Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս