Ոստիկանությունը ևս երկու մարդ է ձերբակալել Լոնդոնի ահաբեկչության գործով
Բրիտանական ոստիկանությունը եւս երկու «կարեւոր ձերբակալություն» է կատարել Լոնդոնի կենտրոնում կատարված հարձակման գործով: Այդպիսով՝ ընդհանուր առմամբ ահաբեկչական գործողության հետաքննության շրջանակներում ձերբակալված
է տասը մարդ, մի կին արդեն գրավով ազատ է արձակվել, տեղեկացնում է BBC-ին:
Լույս մարտի 24-ի գիշերը հարձակման զոհերի թիվը հասել է չորսի, Լոնդոնի հիվանդանոցում մահացել է ահաբեկչության հետեւանքով վիրավորվածներից եւս մեկը՝ 75-ամյա մի տղամարդ: Ավելի վաղ հաղորդվել էր երեք զոհվածների մասին, որոնց թվում էին մի ոստիկան, 40-ամյամի կին եւ 50 տարեկան մի տղամարդ: Առնվազն 29 մարդ հայտնվել է հիվանդանոցներում, նրանցից յոթը՝ ծանր վիճակում:
Նախօրյակին Լոնդոնի ոստիկանությունը հայտնեց ահաբեկչի անունը: Նա Մեծ Բրիտանիայի 52-ամյա բնակիչ Խալիդ Մասուդն է, որն սպանվել է հարձակման ընթացքում: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հարձակումն իրականացվել է երկու փուլով:
Նախ ահաբեկիչը ավտոմեքենայով Վեսթմինսթերյան կամրջին վրաերթի է ենթարկել անցորդներին, իսկ այնուհետեւ, դանակներով զինված, մի խումբ ոստիկաննների վրա է հարձակվել խորհրդարանի շենքի մոտ: Ավելի ուշ ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: