«Ժողովուրդ ջան, դուք եք մեղավոր». Գագիկ Ծառուկյանն Արարատի մարզում է

«Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր քարոզարշավ է իրականացնում Արարատի մարզում։ Նրան ուղեկցում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված Արգամ Աբրահամյանը։ Վեդի քաղաքում Ծառուկյանը ծաղիկներ դրեց քաղաքային հուշարձանի մոտ, նրան դիմավորեցին աղուհացով, աջակցության խնդրանքներով ու մի փունջ նամակներով։ Գ. Ծառուկյանը դրանք փոխանցեց իր օգնականին՝ զգուշացնելով չկորցնել և հետո իրեն փոխանցել:

«Այսօր բոլորս էլ գիտենք Արարատյան դաշտում ինչ է անհրաժեշտ ժողովրդին»,- իր ելույթում հայտարարեց Գ. Ծառուկյանը՝ նշելով, որ գործարանները պետք է աշխատեն, մարդիկ իրենց աճեցրած խաղողը կարողանան հանձնել։

Ըստ նրա՝ աղքատությունը գալիս է վարկերի բարձր տոկոսներից, մինչդեռ Համաշխարհային բանկից 0%-ով վարկ է ստացվել, իսկ ժողովրդին տալիս են 24-36%-ով. «Բանկերում էնքան փող կա, վերցնող չկա»։

«Մեղավորները պետք է պատժվեն»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Ծառուկյանի խոսքով՝ ջուրը մարդկանց անվճար չեն տալիս, թողնում են, գնա Արաքսը թափվի, փոխանակ բարձր տեղում հորեր փորեն, և ջուրն ինքնահոս գնա գյուղացիներին։ Ըստ պատգամավորի թեկնածուի՝ տնտեսությունը զարգանում է ոչ թե էժան աշխատուժի, այլ գիտության հաշվին։

«Էս վիճակին հասնելը, ժողովուրդ ջան, դուք եք մեղավոր, որովհետև դուք լուրջ չեք ընդունում ընտրությունները,- ասաց Ծառուկյանը՝ հավելելով, որ իրավիճակի փոփոխության համար համակարգը պետք է փոխվի, և շարունակեց,- Էսօր հո չե՞մ եկել պաշտոնի համար։ Ես քաղաքականությամբ չեմ ապրում, ուզեցել եմ՝ մարդկանց լավ լինի»։

Նա հիշեցրեց 2015թ. կատարվածն ու նշեց, որ արյունահեղությունից խուսափելու համար է դուրս եկել քաղաքականությունից, բայց տեղը ոչ մի բանով չլրացվեց, ու մարդիկ նորից գնացին իր մոտ՝ «Ծառուկյան ջան, փրկի մեզ»։ Ծառուկյանի կարծիքով՝ ժողովուրդը վստահում է իրեն, և կկարողանան փոփոխություններ անել. «Որոշողը դուք եք»։

Տեսանյութեր

Լրահոս