
Ֆրանսուա Ֆիյոնը վերադարձրել է նվեր ստացած թանկարժեք կոստյումները

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտնել է, որ վերադարձրել է նվեր ստացած թանկարժեք կոստյումները:
«Դա սխալ է եղել: Ես չպետք է ընդունեի այդ նվերը, մարտի 23-ին հայտարարել է Ֆիյոնը France 2 հեռուստաալիքի եթերում: Ես վերադարձրեցի այդ կոստյումները»։
Մարտ ամսվա կեսերին Journal du Dimanche-ը Ֆիյոնին մեղադրել էր, որ նա չափազանց թանկ հագուստ է գնում: Հրատարակության տվյալներով՝ վերջին հինգ տարում, այսինքն՝ 2012 թվականից, քաղաքական գործիչն իր կոստյումների վրա ծախսել է շուրջ 35,5 հազար եվրո: Թերթը նաեւ պարզել է, որ փետրվարի սկզբին քաղաքական գործչի ոմն «ընկեր», որի անունը չի հայտնվել, «Ֆիյոնի խնդրանքով» 13 հազար եվրո գումար է վճարել երկու կոստյումի համար:
Ավելի ուշ Ֆիյոնը հավաստել է, որ իրոք երկու կոստյում է նվեր ստացել «հին ընկերոջից»՝ ֆրանսսենեգալյան ծագմամբ փաստաբան Ռոբեր Բուրժիից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: