Մահացել է Լոնդոնի ահաբեկչության հետևանքով վիրավորվածներից ևս մեկը
Լոնդոնի հիվանդանոցում մահացել է մարտի 22-ին բրիտանական խորհրդարանի շենքի մոտ կատարված ահաբեկչության հետեւանքով վիրավորվածներից եւս մեկը՝ 75-ամյա մի տղամարդ: Այդ մասին հայտնել է Sky News-ը: Այսպիսով, հարձակման զոհերի թիվը հասել է չորսի:
Ավելի վաղ հաղորդվել էր երեք զոհվածների մասին, որոնց թվում էին մի ոստիկան, 40-ամյա մի կին եւ 50 տարեկան մի տղամարդ: Առնվազն 29 մարդ հայտնվել է հիվանդանոցներում, նրանցից յոթը՝ ծանր վիճակում:
Նախօրյակին Լոնդոնի ոստիկանությունը հայտնեց ահաբեկչի անունը: Նա Մեծ Բրիտանիայի 52-ամյա բնակիչ Խալիդ Մասուդն է, որն սպանվել է հարձակման ընթացքում:
Բացի այդ, ահաբեկչական գրոհին մեղսակցության կասկածանքով ձերբակալված է ութ մարդ, այդ թվում՝ այն կինը, որին համարում են Մասուդի գործընկերուհին:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հարձակումն իրականացվել է երկու փուլով: Նախ ահաբեկիչը ավտոմեքենայով Վեսթմինսթերյան կամրջին վրաերթի է ենթարկել անցորդներին, իսկ այնուհետեւ, դանակներով զինված, մի խումբ ոստիկաննների վրաէ հարձակվել խորհրդարանի շենքի մոտ:
Ավելի ուշ ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: