Սգո հանրահավաք Թրաֆալգարյան հրապարակում. «Մեզ չե՛ք վախեցնի»
Լոնդոնի բնակիչները եւ հյուրերը մարտի 23-ին հավաքվել էին Թրաֆալգարյան հրապարակում՝ հարգելու ահաբեկչական գործողության զոհերի հիշատակը, որը տեղի է ունեցել նախօրյակին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատերի տակ:
Հանրահավաքի էին եկել հազարավոր մարդիկ: Կային նաեւ այնպիսիք, ովքեր եկել էին ամբողջ ընտանիքներով։ Ակցիան անցկացվում էր մեծ թվով զինված ոստիկանների ներկայությամբ: Թրաֆալգարյան հրապարակի երկնքում մշտապես պտտվում էին ուղղաթիռները: «Լոնդոնցիներն աջակցում են միմյանց»,-ազդարարում էր ակցիայի մասնակից կանանցից մեկի պլակատը:
«Ալ Իսլամ» մահմեդական հասարակական կազմակերպության անդամները հանրահավաքի էին եկել «Սե՛ր բոլորի համար, ատելություն՝ ո՛չ մեկին» պլակատով: Ինչպես հաղորդել է BBC-ն, ելույթ ունեցողների ճառերում հաճախ էր հնչում «համերաշխություն» բառը:
«Մենք չե՛նք վախենում», «Մեզ չե՛ք վախեցնի». այս բառերը բազմիցս կրկնվում էին Թրաֆալգարյան հրապարակում կայացած հանրահավաքում:
Հանրահավաքում ելույթ են ունեցել Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանը եւ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Էմբեր Ռադը:
Քաղաքագլուխը հայտնեց ահաբեկչի ձեռքով զոհվածների անունները. նրանք են՝ ոստիկան Քիթ Փալմերը, ինչպես նաեւ բրիտանուհի Աիշա Ֆրոյդը եւ ամերիկացի Քուրտ Քոհրանը:
«Ահաբեկիչները մեզ չե՛ն հաղթի: Այդ մենք կջախջախենք նրանց»,-իր ճառում խոստացավ Էմբեր Ռադը: Սգո հանրահավաքի ավարտին մարդիկ հազարավոր մոմեր վառեցին հրապարակում եւ դեպի Ազգային պատկերասրահ տանող աստիճաններին: