Ի՞նչ էր պլանավորվում մարտի 27-ին, և ինչո՞ւ է անհանգիստ ՕՐՕ-ի ռազմական թևը. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում անհանգիստ են: Դաշինքը երկու թեւ ունի`քաղաքական եւ ռազմական: Քաղաքական թեւի ներկայացուցիչները կարողանում են Բաբայանի ձերբակալությունը ներկայացնել որպես քաղաքական հետապնդում եւ հիմնավորել դա: Ռազմական թեւի ներկայացուցիչների խոսքը բավական անհոդաբաշխ է:

ՊՆ նախկին փոխնախարար, գեներալ–լեյտենանտ Գագիկ Մելքոնյանն, օրինակ, պատասխանելով «Փաստ»-ի հարցին, թե արդյո՞ք ձերբակալությունը քաղաքական հետապնդում է Բաբայանի նկատմամբ ասել է. «Իհարկե, էն էլ ոնց: Քաղաքական հետապնդում չլինի, «Իգլան» ի՞նչ գործ ունի Սամվել Բաբայանի հետ կամ մեր հետ, դաշինքի հետ «Իգլան» ի՞նչ գործ ունի: «Իգլան» ո՞ւմ համար էր բերում, սամալյո՞տ էր խփում: Կարո՞ղ է Օսկանյանն ու Րաֆֆին «Իգլա» կրակող են»:

Նման հարցադրումներն իրենց տրամաբականական շարունակությունն են ունենում: Օրինակ, երբ ասվում է՝ կարող է՞ սամալյոտ էր խփում, շարունակությունը ենթադրում է` իսկ ինչո՞ւ ոչ, հատկապես եթե այդ «սամալյոտը» Սերժ Սարգսյանին տեղափոխելիս լիներ:

Կամ երբ ասվում է` կարող է՞ Օսկանյանն ու Րաֆֆին «Իգլա» կրակող են, շարունակությունը ենթադրում է, որ Օսկանյանն ու Րաֆֆին կրակող չեն, բայց Օհանյանը եւ դաշինքի ռազմական թեւի մնացած բոլոր ներկայացուցիչները կրակող են, նրանցից ավելի կրակող չի լինում:

Նույն հարցազրույցում, հարցին` հիմա ինչ եք անելու, նախկին փոխնախարարը պատասխանում է. «Ոչ մի բան, ձեռքներս շղթայում ենք, գնում ենք հանձնվում ենք մեր իշխանություններին, իրանց էդ ա պետք»: Նման բովանդակությամբ պատասխանը լուրջ հիմքեր է տալիս կասկածելու, որ խոսքերի հեղինակը չի բացառում նաեւ իր ձերբակալությունը եւ պատրաստ է անգամ հանձնվել:

Դաշինքի անդամ, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը «1in.am»-ի հարցազրույցում մեկնաբանելով Բաբայանի ձերբակալությունը ասում է, որ դա խորը արմատներ ունի եւ սկսում է խոսել ազատագրված տարածքների վերադարձից: Ըստ Հակոբյանի, որեւէ պետական պաշտոնյա իրավունք չունի նույնիսկ մտածել այդ հողերը վերադարձնելու մասին, դա դավաճանություն է, որը չի ներվում:

Հակոբյանը դիմում է իշխանություններին. «Ես եւ իմ համախոհները չենք ուզում, որ որեւէ մեկից արյուն կաթի, թող մեզ չտանեն դրան, մենք առաջին դեմն ենք դրա, բայց իրավիճակ է ստեղծվում… իշխանությունը գիտի, ես որպես մարդ, որպես Հակոբյան Սմբատ իմ կենսագրության մեջ բազմիցս ապացուցել եմ, որ հայի տեսակն եմ, հզոր պետության, լավ իշխանության, օրենքի գերակայության կողմնակից եմ, էսօր պետք չի, որ ինչ-որ մեկը ինձ ազգի կամ պետության դավաճան համարի»,-ասում է նա: Ինչո՞ւ պետք է Սմբատ Հակոբյանին որեւէ մեկը պետական դավաճան համարի, ինչո՞ւ է նա պաշտպանվում:

Հետախույզ Վովա Վարդանովը այսօր տարբեր ԶԼՄ-ներում մեկնաբանելով Սամվել Բաբայանի պատվերով «Իգլա» բերելու լուրը ասում էր, որ եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա երկու բան կարող է նշանակել. «կամ մարդիկ 90-ականների ֆիդայական մղումներով ուզում են գնալ սահման պաշտպանել, կամ տեռորիստական նպատակներով է բերվել»:

Հետախույզի համար ԱԱԾ հաղորդագրությունը արժանահավատ չէ, քանի որ, ըստ նրա, նման դեպքերում ավելի ճիշտ է ոչ թե միանգամից ձերբակալել այդ անձանց ու աղմուկ հանել, այլ թողնել, որ նրանք տեղաշարժվեն, ստուգեն նրանց, պարզեն նպատակները: Մենք չգիտենք, սակայն, ԱԱԾ-ն երբ է «ԻԳԼԱ»-ի մասին օպերատիվ տեղեկություն ստացել, ուրիշ ինչ տեղեկություններ է ստացել, որքան ժամանակ է թողել, որ մարդիկ տեղաշարժվեն, քանի ամիս է ստուգել եւ նպատակների մասին ինչ է պարզել:

Վարդանովը նաեւ նշում է, որ այդ զենքով առաջին դեմքերի ինքնաթիռներ խոցելը այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ նրանց ինքնաթիռի կողքից զինվորական ուղղաթիռ է թռչում եւ հրթիռը չեզոքացնում։

2015-ի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում հայտնաբերված զինված խմբին նվիրված ասուլիսում ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը պատմում էր, որ խումբը քննարկել է նաեւ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը պայթեցնելու տարբերակը:

«Քննարկել է կոնկրետ տեղը, թե որտեղից է դա հնարավոր իրականացնել՝ իհարկե «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքների մասին է: Մենք այդ տարածքը ուսումնասիրել ենք, կարող եմ ասել, որ դա ֆիզիկապես հնարավոր էր իրականացնել, քանի որ վայրէջք կատարելիս, թռչելիս ինքնաթիռը բավականին ցածր բարձրության վրա է գտնվում և հասանելի է»,-ասաց Համբարձումյանը:

Վերջինս նաեւ ասաց, որ դա պետք է տեղի ունենար դեկտեմբերի 1-ին, երբ Սերժ Սարգսյանը մեկնելու էր Իլհամ Ալիեւի հետ հանդիպման: Հինգ օր առաջ, սակայն, նոյեմբերի 25-ին խումբը վնասազերծվեց:

Քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում, որ Սամվել Բաբայանն ու նրա դաշնակիցները ծրագրում էին մարտի 27-ին ինչ-որ գործողություն իրականացնել: Որեւէ պաշտոնական տեղեկություն կամ մամուլի արտահոսք այս մասին չկա: Տեղեկություն չկա նաեւ այն մասին, թե արդյո՞ք մարտի 27-ին Սերժ Սարգսյանը որեւէ տեղ պետք է մեկնի: Ամեն դեպքում, առեղծվածային ամսաթվից 5 օր առաջ Բաբայանի ձերբակալությունը հետաքրքիր զուգադիպություն է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս