Բաժիններ՝

ԱՄՆ-ի կոնգրեսականներն ազդվել էին Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմը դիտելուց հետո

«Ես էմոցիոնալ առումով սպառված եմ: Վերջին տարիներին այսքան կլանված ոչ մի ֆիլմ չէի դիտել», – այսպես արձագանքեց կոնգրեսական Ջեքի Սփիըրը «Ամերիկայի Ձայն»-ին՝ Միացյալ Նահանգների Կապիտոլիումում The Promise` «Խոստումը» Հայող ցեղասպանությանը նվիրված ֆիլմը դիտելուց հետո: Կոնգրեսական Դեյվ Թրոթի խոսքով, նման բարձր որակի ֆիլմերի միջոցով պատմությունն ավելի լավ է հասնում մարդկանց.

«Ֆիլմը մարդկանց համար տեղի ունեցածն ավելի նշանակալից է դարձնում»:

«Խոստումը», որը մեծ էկրաններ կբարձրանա ապրիլի 21-ին, գեղեցիկ սիրո պատմություն է, որը զարգանում է Հայոց ցեղասպանության ընթացքում: Սարսափելի իրականությունը կոտրում է մարդկային ճակատագրեր, սակայն անզոր է կոտրել ազգի ոգին:

«Մենք անզոր ենք փոխել անցյալը, սակայն արվեստն օգնում է մեզ հիշել այն: Դա հատկապես կարեւոր է, երբ Հայոց ցեղասպանությունը նույնիսկ հարցականի տակ է դրվում», – ասում է կոնգրեսական Ջուդի Չուն, ում համոզմամբ, ֆիլմի կրթական ու պատմական արժեքը հսկայական է: Նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբում զգալի դերակատարություն ունեցած քաղաքական ստրատեգ Քիթ Նահիգյանի մոտ «Խոստումը» ֆիլմը անցյալի հիշողություններ է արթնացրել.

«Իմ պապը Ցեղասպանության տարիներին տեղափոխվել էր Հայաստանից: Նա շատ փոքր էր եւ նրա կյանքը հնարավոր է եղել փրկել՝ աղջկա շոր հագցնելով եւ թաքցնելով կանանց միջեւ, իսկ ահա նրա հորը, ով մաթեմատիկոս էր, սպանել էին»:

Կապիտոլիումում «Խոստումը» դիտելուց հետո ֆիլմի անվանի ռեժիսոր Թերի Ջորին եւ պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանին հանդիսատեսը հոտնկայս ծափահարությունների արժանացրեց:

«Այս ֆիլմը նկարահանելու հնարավորությունն ինձ համար իրական նվեր էր», – նշեց ֆիլմի ռեժիսորը:

Ֆիլմն ամբողջությամբ մի նվեր է՝ հայ մեծ բարերար Քըրք Քըրքորյանի վերջին նվերը հայ ժողովրդին եւ մարդկությանը: Կապիտոլիումում ֆիլմի ցուցադրման կազմակերպիչ, Վաշինգտոնի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, ֆիլմի դերն անգնահատելի է.

«Խոստումը» մոտեցնում է Ամերիկային ճակատագրական կետի, մի ջրբաժանի, որից հետո Հայոց ցեղասպանությունն անհնար է ժխտել»:

Անդրադառնալով քաղաքական հարցերին՝ միջոցառմանը ներկա ԱՄՆ-ի օրենսդիրները կրկին անգամ ընդգծեցին՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է.

«Հասարակությունը, լրատվամիջոցները, եւ պատմաբանները շատ ավելի առաջ են անցել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, քան Կոնգրեսը», – նշեց վերջում կոնգրեսական Ֆրանք Փալոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս