«Եկել է, նախընտրական շեմին մեզ խաղաղություն է ուզում տալ պարոն Տեր-Պետրոսյանը, էն էլ՝ ի՞նչ խաղաղություն…». Սասուն Միքայելյան
«Նորմալ մարդն այսօր ո՞նց պետք է ՀՀԿ-ին ձայն տա, որ այս տարիների ընթացքում մենք այս օրին ենք հասել»,- այսօր Գավառում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Ելք» դաշինքի անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:
Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք այս պատերազմը հաղթեցին, ծայրահեղ ծանր վիճակի մեջ են հայտնվել. «Դուք լավ գիտեք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է արել, որ հողերը՝ 6 շրջան, պետք է տանք, այստեղ շատ մարդիկ են եղել, որ մասնակցել են ազատագրական պայքարին: Եթե այն ժամանակ մենք ասում էինք, որ Արցախի ժողովրդի անվտանգության համար ենք այս տարածքներն ազատագրել, հիմա դա ո՞նց կլինի, եթե այդ շփման գիծը հասնի ըտեղ, մենք ապահովելո՞ւ ենք Արցախի ժողովրդի անվտանգությունը: Մի հասարակ բան՝ ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը դա չէր ասում մի քանի ամիս առաջ, մի տարի առաջ, 2008 թվականին, այսինքն՝ եկել է, նախընտրական շեմին մեզ խաղաղություն է ուզում տալ պարոն Տեր-Պետրոսյանը, էն էլ՝ ի՞նչ խաղաղություն, որը կյանքերի գնով ձեռք է բերվել, ասում է՝ բերեք, էն տղերքը, որ գլուխները դրել են զոհասեղանին, դա ջնջենք»:
Մի մարդ տեղից բղավեց. «Նա հող ա նախապատրաստում, որ հետո Սերժը տա»:
Ս. Միքայելյանը համաձայնեց՝ ասելով, որ նախորդ հանդիպման ժամանակ ինքն էլ է նման կարծիք հայտնել: