ՀՀԿ-ին և «Ծառուկյան» դաշինքին ավելի շատ կանայք են նախընտրություն տալիս
ՀՀԿ-ին և «Ծառուկյան» դաշինքին կանայք ավելի շատ են նախընտրություն տալիս, քան տղամարդիկ: Արդյունքները «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի կատարած հետազոտությանն են, ըստ որի` ՀՀԿ-ին նախընտրություն են տալիս կանանց 58,5, իսկ «Ծառուկյան» դաշինքին՝ 57,5 տոկոսը:
«Նախկինում կանանց ամենաշատ ձայները հավաքում էր Գագիկ Ծառուկյանը, սակայն հիմա նա բավականին համեստ տոկոսներ է հավաքում: Եթե առաջ կանանց 50 տոկոսից ավելին նախընտրում էր ԲՀԿ-ին, հիմա նրանց թիվը հասել է 40 տոկոսի, իսկ ՀՀԿ-ին բաժին է ընկնում ընտրող կանանց 38 տոկոսը»,- նշեց Ահարոն Ադիբեկյանը:
Սոցիոլոգն անդրադարձավ մյուս քաղաքական ուժերին եւս: Խոսելով «Ելք» դաշինքի մասին` նա փաստում է, որ թյուր է հասարակության մեջ ձեւավորված այն կարծիքը, թե դաշինքին ձայն տվողների մեծ մասը կլինեն երիտասարդները: Ըստ վիճակագրության` «Ելք»-ի ընտրազանգվածի միայն 12,5 տոկոսն են մինչեւ 29 տարեկանները. մեծամասնությունը` 60 տոկոսը, 30-59 տարեկաններն են:
«Նույնը կարելի է տեսնել Կոմկուսի մոտ, որի ընտրազանգվածի 88 տոկոսը թոշակառուներն են: Հետաքրքիր է նաև «Ազատ դեմոկրատներ»-ի դեպքում, որոնց կարգախոսն է «Եվրոպա՝ առանց վիզա»: Մեզ թվում էր այդ կարգախոսի առումով երիտասարդները պետք է Դեմոկրատներին ձայն տային, սակայն տեսնում ենք, որ ընտրողների ցուցակում երիտասարդներ չկան` բոլորը հասուն տարիքի են»,- նշեց Ադիբեկյանը:
Սոցհարցումը կատարվել է 3000 ընտրողների շրջանում: Հարցմանը մասնակցել են բոլոր 13 ընտրատարածքներում ընդգրկված մարդիկ` համապատասխան իրենց բնակչության թվաքանակին: