«Միանշանակ երևում է, որ այդ երկու ուժերը հաղթահարում են ընտրական շեմը»

Նախընտրական քարոզարշավի ընթացքը և ներքին քաղաքական զարգացումները որոշակի են դարձնում ապագա խորհրդարանում երկու քաղաքական ուժերի՝ Հանրապետական կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի ներկայությունը: Այս մասին մարտի 23-ին կայացած ասուլիսի շրջանակներում խոսեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Միանշանակ երևում է, որ այդ երկու ուժերը հաղթահարում են ընտրական շեմը: Եթե «Ծառուկյան» դաշինքի զուտ կուսակցական վարկանիշն է բարձր, ապա Հանրապետական կուսակցությունը կտրուկ փոխելու է այդ վարկանիշը ռեյտինգայինների միջոցով»,-  աղորդմամբ՝ ասաց քաղտեխնոլոգը:

Ի տարբերություն «Ծառուկյան» դաշինքի ՝ Հանրապետական կուսակցությունը բոլոր 13 ընտրատարածքներում ունի ոչ թե մեկ, այլ մի քանի վարկանիշային թեկնածու: Այդ թեկնածուները, առաջին հերթին, ձայն են բերելու Հանրապետական կուսակցությանը:

«Այդ թեկնածուների մեծ մասն, իհարկե, քաղաքական գործիչներ չեն, բայց, այնուամենայնիվ, թեկնածուներ են, որոնք ունեն տարբեր ռեսուրսներ՝ ֆինանսական, մարդկային, կազմակերպչական: Ու դրա հաշվին հանրապետականի ձայները կտրուկ ավելանալու են»,- մեկնաբանում է Կարեն Քոչարյանը:

Նա կարծում է ՝ այժմ  չկա ընտրող, կա ինչ-որ զանգված: Եվ քաղաքական ուժերը շատ լավ գիտեն ընտրազանգվածի մակարդակը:

«Այն ասես կին լինի, ով սիրում է ականջներով»,- պատկերավոր ներկայացրեց Քոչարյանը:

Հարցին, թե արդյոք հնարավոր է «Ելք»-«Ծառուկյան» կոալիցիա ձևավորվի, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, ոչինչ բացառել պետք չէ: Ոչ մի կոալիցիայի ձևավորում չեմ բացառում թե՛ Հանրապետական կուսակցության, թե՛ «Ծառուկյան» դաշինքի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս