
Չինացի գիտնականները երկու րոպեում արյան խմբի որոշման մեթոդիկա են մշակել. China Daily

Չունցին քաղաքի (Հարավարեւմտյան Չինաստան) համալսարանի գիտնականները մշակել են ընդամենը երկու րոպեում մարդու արյան խմբի եւ ռեզուսֆակտորի որոշման մեթոդիկա:
Ինչպես հաղորդել է China Daily թերթը, նոր մեթոդը ոչ միայն նվազ ծախսատար է ժամանակի եւ արժեքի իմաստով, այլեւ հարմար է արտալաբորատորային պայմաններում օգտագործման համար։
Ներկայում հիվանդանոցներում դրա համար օգտագործվում են լաբորատորային ցենտրիֆուգներ, իսկ բուն գործընթացն զբաղեցնում է շուրջ կես ժամ:
Սակայն Չունցինի 3-րդ զինվորական բժշկական համալսարանի նանոբժշկագիտության մասնագետները մշակել են ավելի արդիական մեթոդիկա: Դրա հիմքում ընկած է արյան թթվայնությանն արձագանքող ազդանյութը՝ բրոմկրեոզոլային կանաչ մոնոանիոնային դեղին ինդիկատորը:
Հեղուկի նմուշը այդ ռեակտիվով ներծծված թղթին քսելիս արյան մեջ առավել տարածված սպիտակուցները՝ ալբումինները, ռեակցիայի մեջ են մտնում ինդիկատորի հետ: Կախված արյան գույնի փոփոխությունից, կարելի է անզեն աչքով որոշել դրա խումբը եւ ռեզուսֆակտորը:
Այս ծրագրով հետազոտությունները կատարվում են 2014 թվականից, այդ ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են արյան գրեթե 3,55 հազար նմուշ, ըստ որում մեթոդի ճշգրտությունը կազմել է 99,95 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: